Թուրքիան իր բոլոր արխիվները բացել է պատմաբանների համար. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկիր այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին.

«Թուրքիան իր բոլոր արխիվները բացել է պատմաբանների համար: Սխալ կլիներ ցավը հետագա սերունդներին փոխանցելը: Այն ամենը, որն անհրաժեշտ է անել, պատմությունը պատմաբաններին փոխանցելն է:

Մենք պատրաստ ենք եղել բացել մեր բոլոր արխիվները և բացել ենք: Թուրքիայի օրենքներով մի շարք խոչընդոտներ են եղել որոշակի թեմաների քննարկման համար, սակայն մենք փոխել ենք օրենքները: Թուրքիայում կարելի է քննարկել ամեն ինչ»:

Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականի ապրիլի երկրորդ կեսին թուրքական Star թերթը, ներկայացնելով Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի՝ Հայոց ցեղասպանության գաղտնի պլանի բովանդակությունը, գրել էր.

«1980-ական թվականներին Օսմանյան կայսրության արխիվները գտնվում էին շատ վատթար վիճակում՝ տուժելով անձրևից ու ձնից: Կրծողներն ամեն օր ուտում էին 4-5 կիլոգրամ փաստաթուղթ: Օզալը շատ էր ցավում նման վիճակի համար: Ստիպված եղանք արխիվը տեղափոխել այդ շենքից: Առկա էին 1915 թվականին նախորդած ու հաջորդած ժամանակաշրջանին առնչող միլիոնավոր փաստաթղթեր, անգամ մենք չգիտեինք դրանց ստույգ թիվը:

Օզալը, սակայն, չբավարարվեց միայն Թուրքիայի արխիվներով: Նա կարգադրեց, որ ԱԳՆ-ն աշխատանքներ տանի նաև հարևան երկրների արխիվների բացման ուղղությամբ և մասնագետներ գործուղեց ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա՝ ուսումնասիրելու այդ երկրների արխիվները:

1991 թվականին Վաշինգտոնից վերադառնալուց հետո Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպման ժամանակ Օզալը, նշելով, որ հայերը ցանկանում են, որ իրենք ճանաչեն ցեղասպանությունը, հարցրել էր, թե այդ քայլն որքան կարժենա իրենց համար»:

Տեսանյութեր

Լրահոս