«Առավոտը որ եկա, միլիցիաները ստեղ էին, ասեցին՝ ստեղին ձեռք չտաս…». Պատմում են Թևոսիկի եղբոր սպանության մասին (լուսանկարներ)
Այսօր ժամը 00:17-ին, ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00:20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:
Արթուր Սաֆարյանը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Ա. Սաֆարյանը սպանվել է հրազենով: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 27-ին՝ ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում:
Ա. Սաֆարյանը սպանվել է այն շենքի բակում, որտեղ վերջինս ապրում է: Դեպքի վայր կատարած մեր այցելության ընթացքում Արամի նրբանցքի 5/Ա շենքի բակը լի էր ոստիկաններով ու քննիչներով:
Շենքի բնակիչներից մեկը պատմեց, որ գիշերը ձայներ է լսել, սակայն իրեն թվացել է, թե դրսում հրավառություն է: «Սաղ օրը սալյուտ են տալիս»,- ասաց շենքի բնակիչներից մեկը՝ նշելով, որ առավոտյան է միայն իմացել, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է:
Շենքի բակը մաքրող կինն էլ պատմեց, որ տեղյակ չի եղել կատարվածի մասին. երբ առավոտյան աշխատանքի է եկել, ոստիկաններն իրեն զգուշացրել են շենքի մի հատվածը չմաքրել, այնտեղ փամփուշտ է եղել:
«Առավոտը որ եկա, միլիցիաները ստեղ էին, ասեցին՝ ստեղին ձեռք չտաս, գործողություններ պետք է անենք: Հիմա որ գնացին, արդեն մաքրում եմ»,- ասաց նա:
Ըստ ամենայնի՝ Ա. Սաֆարյանի վրա կրակել են այն ժամանակ, երբ նա ցանկացել է տուն մտնել. այն վայրը, որը մատնանշում էր կինը, բավական մոտ էր սպանվածի տան մուտքին:
Բնակիչների մի մասն էլ ասում էին, որ ձայներ չեն լսել, առավոտյան լրատվամիջոցներից ու հարևաններից են իմացել այն մասին, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է:
Կեսօրի դրությամբ ձերբակալվածներ և կասկածյալներ չկային: Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ դեպքի առիթով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն, ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարները՝ 168.am-ի