Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլիին վերադարձրել են Վրաստանի քաղաքացիությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացի է դարձել նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին: Դա տեղի է ունեցել Գերագույն դատարանի որոշմամբ: Վերջինս չեղյալ է հայտարարել 2012 թվականի հունիսի 29-ին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը և բավարարել է Իվանիշվիլիի հայցը:

Դրանով իսկ չեղյալ է հայտարարվել նաև 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Վրաստանի նախագահի (Միխեիլ Սաակաշվիլի) թիվ 602 հրամանը, որով տվյալ ժամանակ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով դրանից օր առաջ հայտարարել էր քաղաքական դաշտ ժամանակավորապես տեղափոխվելու մտադրության մասին, զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից:

Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկել էին նրա համար, որ վրացական անձնագիր ստանալուց հետո գործարարը ստացել է նաև ֆրանսիական անձնագիր, մինչդեռ Վրաստանի օրենսդրությունը չի թույլատրում երկքաղաքացիություն:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի պաշտոնին հրաժեշտ տված Բիձինա Իվանիշվիլին վերջերս հիմնել է «Քաղաքացի» հասարակական կազմակերպությունը և դարձել է նրա նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս