Բաժիններ՝

Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալի առողջական վիճակը վատացել է. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով այս տարվա առաջին դատական նիստն էր կայանալու: Գործով ամբաստանյալ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդուն՝ Հարություն Սարգսյանին դեռեւս երեկ էին մայրաքաղաքից տեղափոխել Գյումրի, որպեսզի դատական նիստի ձգձգումներ տեղի չունենան: Նշենք, որ սույն գործի դատաքննությունը շուտով կավարտվի: Այսօրվա նիստին մեղադրող դատախազն ընթերցելու էր մեղադրական ճառը: Սակայն ամբաստանյալ Հարություն Սարգսյանի առողջական վիճակը դատարանում կտրուկ վատացել է, եւ ստիպված են եղել ահազանգելու Գյումրու շտապ բուժօգնություն:

Բժիշկներն արձանագրել են, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մոտ կան առողջական խնդիրներ, ջերմության եւ արյան ճնշման բարձրացում, նրան արգելել են մասնակցել այսօրվա դատական նիստին: Նիստը նախագահող դատավոր Մարտին Սարոյանի որոշմամբ դատական նիստը մի քանի անգամ հետաձգվել է, որպեսզի Հարություն Սարգսյանի առողջական վիճակը կարգավորվի, եւ վերջինս կարողանա մասնակցել նիստին, ինչը ամբաստանյալի շահերի պաշտպանը համարել է անմարդկային վերաբերմունք:

«Երեկ երեկոյան ու նաեւ այսօր է դատարան հրավիրվել շտապ բուժօգնություն, ցույց են տվել նրան բժշկական օգնություն, բայց ճնշումը չի կարգավորվում, եւ նաեւ բարձր ջերմությունը չի իջնում: Ուստի այս ձգձգումները ես համարում եմ անմարդկային վերաբերմունք Հարություն Սարգսյանի նկատմամբ: Նրան ճիշտ է օգնություն են ցույց տվել, սրսկումներ են կատարել, բայց հասկանալի է, որ նա պետք է անկողնային վիճակում գտնվի, որպեսզի կարողանա կարգավորվի վիճակը: Դատարանում չկան նման պայմաններ, եւ չեն էլ կարող այդ ամենը տեղում կազմակերպել, ուստի չեմ հասկանում՝ անընդհատ ընդմիջումներ հայտարարելը ինչ է նշանակում»,- ասել է Լուսինե Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս