Ֆրանսիայում աջերի հաղթանակը կարող է դոմինոյի էֆեկտով փլել եվրոպական լիբերալ–գլոբալիստական թևի գերիշխանությունը Հին աշխարհամասում․ Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․
«Ֆրանսիայի նախագահի ընտրությանը Մարին Լե Պենի հաղթանակը թերևս անխուսափելի է։ Այն համակարգը, որ ներկայումս կառավարում է Եվրոպան, չի կարող թույլ տալ դա, որովհետև Մարին Լե Պենի հաղթանակը կարող է դառնալ Եվրոպայում համակարգային փոփոխության շրջադարձային կետ։ Ֆրանսիայում աջերի հաղթանակը կարող է դոմինոյի էֆեկտով փլել եվրոպական լիբերալ–գլոբալիստական թևի գերիշխանությունը Հին աշխարհամասում։
Այդպիսով, Ֆրանսիայում վճռվում է թերևս ամենևին ոչ այդ չքնաղ երկրի և պետության ճակատագիրը, այլ ըստ էության եվրոպական քաղաքական հիմնարար մրցակցության։ Հետեւաբար կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ խաղադրույք է այսօր Ֆրանսիայում։
Ընդ որում, Ֆրանսիան այդ իմաստով առավել նշանակալի հանգրվան է, կետ է, քան Գերմանիան։ Պատճառը ոչ միայն այն է, որ խոսքը ԵՄ միակ միջուկային տերության մասին է, այլ նաեւ այն, որ Ֆրանսիան այդուհանդերձ զգալի նահանջով, սակայն շարունակում է լինել մեծ հաշվով համաշխարհային սփռում ունեցող տերություն, ի տարբերություն Գերմանիայի։
Ընդ որում, Ֆրանսիայի հարցում այդ մրցակցությունը կամ բախումը թերեւս ամենեւին պետք չէ չափել միայն փողոցի փոթորկվածությամբ կամ հանդարտությամբ։ Փողոցը կարող է հանդարտվել, բայց դա ամենեւին չի նշանակի գլոբալ պայքարի հանդարտություն, որի հանգրվանային կիզակետ է Փարիզը»։

