Միասնական քննչական կոմիտեի ստեղծման ամենակարևոր գործոնը պետք է լիներ ՊԵԿ-ից նախաքննության մարմնի առանձնացումը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դրական է համարում Քննչական միասնական մարմնի ստեղծումը: Ի պատասխան 168.am-ի հարցին՝ Արա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, թե միասնական մարմին ունենալու գաղափարը տուժում է, եթե դրա կազմում Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմինը չի մտնելու:

«Միասնական քննչական կոմիտեի ստեղծման ամենակարևոր գործոնը պետք է լիներ այն, որ ՊԵԿ-ից առանձնացվեր նախաքննության մարմինը: Ինչո՞ւ: Պետական եկամուտների կոմիտեի գերատեսչական նպատակը, կարծում եմ՝ բոլորդ էլ կհամաձայնեք, մեկն է՝ փող լցնել պետական բյուջե: Եթե գերատեսչության նպատակը դա է, ապա նրա կազմում գտնվող նախաքննության մարմնի նպատակը չի կարող այլ բան լինել, և ուզի, թե չուզի ՊԵԿ-ի նախաքննության մարմինը կրկին ծառայելու է բյուջեում փող լցնելու նպատակին: Ավելի ասեմ: Ինքս առիթ եմ ունեցել զրուցելու մի քանի քննիչների հետ մի քանի տարի առաջ: Ինչո՞ւմ է կայանում խնդիրը: Այստեղ գերատեսչական մեկ այլ խնդիր կա: Պատկերացրեք՝ եթե մաքսայինի քննիչը մի գործով քննություն է իրականացնում և պարզվում է, որ այս խնդիրը եղել է մաքսային մի պաշտոնատար անձի պատճառով: Ինքն այլևս չի կարողանում առաջ գնալ, որովհետև այդ նույն մաքսային աշխատակիցն իր վերադասն է հանդիսանում և նրան ասում են այս ուղղությամբ աշխատանքի մի´ տար:  Եվ մաքսայինի քննիչը կրկին գնում է տնտեսվարող սուբյեկտի վրա: Միասնական քննչական կոմիտե ունենալու հիմնավորումը, կարծում եմ, պետք է սկսվեր այստեղից: Ինքնին գաղափարը ես դարական եմ համարում, բայց ՊԵԿ-ը չառանձնացնելու պայմաններում գաղափարը կարծես թե տուժում է»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը նախորդ տարվա սեպտեմբերին ստորագրեց կարգադրություն` Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Ըստ այդ կարգարդրության՝ Միասնական քննչական մարմինը պետք է ստեղծվեր ոստիկանության, պաշտպանության նախարարության և պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմինների հենքի վրա: Նախորդ տարվա ավարտին, սակայն, հայտարարվեց, որ քննչական միասնական մարմնի կազմում մտնելու են ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս