Օբաման հատուկ ծառայություններին արգելել է գաղտնալսել բարեկամական երկրների առաջնորդներին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հրապարակել է Ազգային անվտանգության գործակալությունում (NSA) բարեփոխումների հիմնական դրույթները:
Մասնավորապես Օբաման հայտարարել է, որ հատուկ ծառայություններին արգելում է գաղտնալսել ԱՄՆ-ին բարեկամ երկրների առաջնորդներին: Սպիտակ տանը եղած աղբյուրների գնահատմամբ, այդ միջոցը կարող է առնչվել մոտ տասնյակ երկրի:
Ինչ վերաբերում է շարքային քաղաքացիներին գաղտնալսելուն, ապա Օբաման կարգադրել է հատուկ ծառայություններին պարտավորեցնել գաղտնալսող որևէ գործունեություն սկսելու առաջ ստանալ դատարանի թույլտվությունը: Օբաման ընդլայնել է հատուկ ծառայությունների կողմից տվյալ դիմումների փաստերին հնչեղություն հաղորդելու հեռահաղորդակցային ընկերությունների իրավունքները:
Օբաման նաև խոստացել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ամեն տարի հստակեցնելու է հետախուզության առաջնահերթությունները, այդ թվում նաև հստակեցնելու է տեղեկատվություն հավաքելու օբյեկտները: NSA-ի գործունեությունը մեծ ուշադրության արժանացավ 2013 թվականի ամռանը, երբ Էդվարդ Սնոուդենը մամուլին հաղորդեց NSA-ի գործունեության մասին գաղտնի նյութերը: