Քննիչը մեղադրվում է քրեական գործով մեղադրյալից 1000 դոլար կաշառք ստանալու մեջ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դաատարանի վարույթ է ընդունվել քննիչ Է. Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական համակարգից, ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ Է. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա իր վարույթում քրեական գործերից մեկով մեղադրյալի օգտին ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է` նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու համար շորթմամբ, սպառնալով ոտնահարել նրա` օրենքով պաշտպանվող շահերը և իրավունքները, պահանջել և իր աշխատասենյակում նրանից ստացել է խոշոր չափերի`403.910 դրամին համարժեք 1000 դոլար կաշառք»:
Է. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով շորթմամբ կաշառք ստանալու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րչդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր): Է. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: