Արդարացման միջնորդություն՝ «Հարսնաքարի» գործով ևս մեկ ամբաստանյալի առնչությամբ

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստում միջնորդեց արդարացնել Ա. Բաղդասարյանին:

Պաշտպանը հայտարարեց, որ հասարակությունն իր արդարացի պահանջն էր ներկայացնում՝ պատժել դեպքի բոլոր մեղավորներին. «Սակայն քրեական գործի հարուցման հենց առաջին օրվանից այդ արդարացի պահանջը վարույթն իրականացնող մարմնի կողմից ընկալվեց՝ որպես անմեղ մարդկանց հավաքագրելու և անհիմն մեղադրանքներ առաջադրելու ազդակ, ինչը տեղի ունեցավ նաև իմ պաշտպանյալ Արման Բաղդասարյանի հետ: Դեռ ավելին, հասարակության այդ նույն ներկայացուցիչներին արդեն սկսեց չհետաքրքրել անձանց պատժելու օրինական ճանապարհը, և ամեն գնով սույն քրեական գործով փորձ է կատարվում տեղի տալ հասարակական տրամադրություններին և ազատազրկման ձևով հնարավորինս խիստ պատիժ սահմանելով՝ համարել, որ սույն քրեական գործի թնջուկը լուծված է: Սակայն, արի ու տես, որ այդ պարագայում լրիվ անմեղ մարդիկ, այդ թվում նաև՝ իմ պաշտպանյալ Արման Բաղդասարյանը, քրեական պատասխանատվության կենթարկվի իր կողմից որևէ գործողություն չիրականացնելու համար»:

Ըստ նրա,  ամբաստանյալ Արման Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքը որևէ կերպ չի տարբերվում գործով մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքից, ընդհուպ՝ մինչև մեղադրանքի որոշման մեջ առկա կետադրական նշանները: Միհրան Պողոսյանի խոսքով՝ հենց այդ պատճառով քրեական գործի հենց սկզբից Արման Բաղդասարյանը պահանջել է պարզաբանել իրեն առաջադրված մեղադրանքը, ինչն այդպես էլ չի արվել: «Սա խոսում է այն մասին, որ խախտվել է իմ պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը, քանի որ վերջինս չի իմացել, թե ինչ մեղադրանքից պաշտպանվի»,- ասաց Միհրան Պողոսյանը: Նրա խոսքով՝ Արման Բաղդասարյանը ժխտում է, որ ծեծկռտուքը սկսելուց հետո գտնվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում, և, որ մասնակցել է ծեծկռտուքին: Փաստաբանն ասաց, որ այդ հանգամանքը հաստատվում է ինչպես՝ ամբաստանյալների, այնպես էլ՝ վկա Դավիթ Հայրյանի ցուցմունքներով:  Միհրան Պողոսյանի փոխանցմամբ՝ դեպքի օրն Արման Բաղդասարյանը «Հարսնաքարի» տարածքից ժամը 19:01-ից սկսած մինչև 23:02-ն ընկած ժամանակահատվածում կատարել է 14 զանգ, իսկ 20:29-ից մինչև 23:11-ն ընկած ժամանակահատվածում Ա. Բաղդասարյանը 5 հեռախոսազանգ է ստացել. «Իմ պաշտպանյալի ստացած և կատարած հեռախոսազանգերը համընկնում են քրեական գործով ենթադրաբար հանցագործության ժամը հանդիսացող ժամի հետ»: Այդ պարագայում, պաշտպանի խոսքով, Ա. Բաղդասարյանի կողմից վիճաբանությանը մասնակցելը բացառվում է: Պաշտպանը դատարանին խնդրեց վճիռ կայացնելիս հաշվի առնել անմեղության կանխավարկածի հիմնական բաղադրիչը. ավելի լավ է 100 մեղավոր հայտնվի ազատության մեջ, քան մեկ անմեղ դատապարտվի որոշակի ժամկետով ազատազրկման: Դատարանում ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Արման Բաղդասարյանը: Նա նշեց, որ ծեծկռտուքի ժամանակահատվածում ինքը հեռախոսով խոսելիս է եղել. հեռախոսով խոսող մարդն, ըստ նրա, չի կարող ծեծկռտուքի մասնակցել: Մեղադրողն անարժանահավատ է գնահատել ամբաստանյալների լրացուցիչ ցուցմունքները: Արման Բաղդասարյանի խոսքով՝ ամբաստանյալների լրացուցիչ ցուցմունքներն արժանահավատ են, իսկ տուժողներինը՝ ոչ: Ա. Բաղդասարյանը ներկայացրեց տուժողների ցուցմունքներից հատվածներ, որոնք, ըստ նրա, հակասական էին:

Արման Բաղդասարյանն ասաց, որ նախաքննության ընթացքում իրեն տարել են առերեսման տուժողների հետ. այդ ժամանակ ինքը մի քանի օր արդեն անցկացրել էր մեկուսարանում, սափրված չէր, հագուստն արդուկված չէր, կոշիկները կապիչներ և գոտիներ չունեին: Նրա հեռ առերեսման է ներկայացվել ևս 3 տղամարդ, որոնք արտաքինից, ամբաստանյալի խոսքով, միանգամից տարբերվել են իրենից: «Տուժողների փոխարեն ով էլ գար, կանգներ շարքի առաջ, որ ասեին՝ ըստ ձեզ՝ ո՞վ է համարվում կասկածյալը, միայն իսկ արտաքին տեսքից ելնելով՝ պետք է ասեին՝ ինքը, այսինքն՝ մատնանշեին ինձ»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս