Ուկրաինայի Սահմանադրական դատարանը կվճռի Տիմոշենկոյի նախագահական կամպանիայի ճակատագիրը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ը Սահմանադրական դատարանին խնդրել է պարզաբանում տալ այն կապակցությամբ, թե արդյոք կարող է գրանցել ազատազրկումը չավարտած քաղաքացուն՝ որպես նախագահի թեկնածու:
Դիմումի համապատասխան տեքստը ԿԸՀ-ը հաստատել է երեկվա իր նիստում: Դրա օգտին քվեարկել է նիստին ներկա 13 անդամից 9-ը: Ընդունած փաստաթղթում ԿԸՀ-ը մատնացույց է արել Սահմանադրության 92-րդ և 103-րդ հոդվածների ու «Ուկրաինայի նախագահական ընտրությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի միջև առկա հակասությունները:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պլանավորված են 2015 թվականին: Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է պետական բարձրագույն պաշտոնում առաջադրել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը:
Վերջինս 2011 թվականից յոթամյա ազատազրկում է կրում սեփական լիազորությունները չարաշահելու համար: Տիմոշենկոն նախորդ տարվա գարնանը հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում առաջադրվելն իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է: