Կարող է քննարկվել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար կազմի փոփոխության հարցը

Ազգային ժողովում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկության ժամանակ տեղի է ունեցել լիազորությունների գերազանցում, ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպես այսօր Մեդիա կենտրոնոմ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, այս քվեարկության արդյունքներն արժանահավատ չեն, և փաստաթուղթն իրավաչափ չէ:

Ա.Մինասյանը նշեց, որ այսօր հրավիրվել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ ակնկալում են, հնարավոր է քննարկվի նաև ղեկավար կազմի փոփոխության հարցը:

Դիտարկմանը, թե Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին, Ա.Մինասյանը պատասխանեց, որ իրենք կանխակալ դիրքորոշում չունեն, ուզում են հասկանալ, արժևորել հաշվիչ հանձնաժողովի դերը. «Եթե Ավետիսյանը չի գալիս նիստին՝ իսկապես հասկանալով, ըմբռնելով, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, թող հրապարակավ հայտարարի այդ մասին, մենք ուզում ենք ըստ էության քննարակել հարցը և հասկանալ իրադրությունը»:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը տարակուսեց, թե այդ ինչպես եղավ, որ հանձնաժողովը սկզբում հայտարարեց 77, հետո 72 թիվ. «Ո?րն է հավաստի, միայն հանձնաժողովը կարող էր փոխել, բայց գրավոր որոշմամբ»: Նա նաև հիացմունք արտահայտեց լրագրողների պահվածքից, նշելով, որ և՛ ոչ իշխանական ուժերը, և՛ մամուլը միասնական կարծիք հայտնեցին:

ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի բնորոշմամբ՝ սա հերթական կեղծիքն է, որը բնորոշ է իշխանությանը. «Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև փաստաթղթերը հակասահմանադրական են: Կարևոր չէ , թե ինչ թիվ կհայտարարեն, կեղծիքի մեջ են իրենք: Իշխանությունն արդեն ոչնչի առջև կանգ չի առնում, ոտքից գլուխ կեղտի մեջ թաղված է: Այս փաստաթուղթն օրենքի ուժ չունի»:

Տեսանյութեր

Լրահոս