Պաշտպանը միջնորդեց Ա. Բաբլոյանին անմեղ ճանաչել այն հոդվածներով, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչարյանն այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ճառը ներկայացնելիս միջնորդեց Ա. Բաբլոյանին անմեղ ճանաչել այն հոդվածներով, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք՝ Արթուր Բաբլոյանը լրացուցիչ ցուցմունք էր տվել և նշել, որ ինքը հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին:
Հավելենք, որ «Հարսնաքարի» գործով բոլոր ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ մի խումբ անձանց կողմից և ծեծի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6- րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 118-րդ հոդված):
«Միջնորդում եմ դատարանին քրեական գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանին ճանաչել անմեղ և հռչակել հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունն այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ: Եթե դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա հաստատված կհամարի ամբաստնյալ Արթուր Բաբլոյանի կողմից Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու հանգամանքը, և այդ արարքի համար վերջինս ենթակա կլինի քրեական պատասխանատվության և պատժի, ապա միջնորդում եմ ամբաստանյալ Բաբլոյանի նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման դրույթները և Բաբլոյանի մասով կարճել քրեական գործի վարույթը:
Հարգելի´ դատարան, իսկ եթե այնուամենայնիվ դատարանը նման անօրիանկան գործողություններով քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված ապացույցների պայմաններում ապացուցված կհամարի ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի մեղքը իրեն մեղսագրված արարքներում կատարման մեջ և կգտնի, որ Բաբլոյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի, ապա միջնորդում եմ դատարանին հաշվի առնելով դատաքննությամբ հիմնավորված ամբաստնյալ Բաբլոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, նշանակել օրինականության, օրենքի առջև հավասարության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, միայն դատարանի կողմից արդարադատության իրականցման և ապացույցների ազատ գնահատման սկզբունքների վրա հիմնված մեղմ պատիժ և կիրառել Հայաստանի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Ագային ժողովի որոշման համապատասխան մասի դրույթները»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն ասաց, որ լիովին համաձայն է իր պաշտպանի ճառին և որ հանդես կգա վերջին խոսքով: