Մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենային զննման գերժամանակակից սարքավորմամբ
Մաքսային ռազմավարության առաջնահերթության հիմքում բիզնեսի համար առողջ միջավայրի ապահովումն է` սկսած սահմանային անցակետերի արդիականացումից, ընթացակարգերի պարզեցումից մինչև տեխնիկական վերազինում: Վերջին տարիներին համակարգը մաքսային հսկողության ժամանակակից տեխնոլոգիաներով համալրելու նպատակով մի շարք միջոցառումներ են իրականացրել, այդ թվում` միջազգային համագործակցության շրջանակներում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գործակցության արդյունքում ծառայությունը համալրվել է ռենտգենյան զննման գերժամանակակից համակարգով:
Շնորհակալություն հայտնելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը տրամադրած աջակցության համար` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ նման տեխնիկական բնութագրերով ռենտգենյան սարքավորում ձեռք է բերվում առաջին անգամ. «Անկասկած, ռենտգենային զննման գերժամանակակից այս համակարգի կիրառումը թույլ կտա զգալի բարձրացնել մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը: Մյուս կողմից հսկողական նորանոր լուծումների շարունակական կիրառմամբ կոմիտեն ձգտում է ավելի բարենպաստ պայմաններ ապահովել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար»:
ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին ընդգծել է. «Չինաստանը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և պատրաստակամ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ, որոնցից մեկն էլ այսօր ցուցաբերված տեխնիկական օժանդակությունն է Հայաստանի մաքսային ծառայությանը»: Սարքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն տարբերվում է մաքսային ծառայությունում, մասնավորապես Մեղրիի և Բագրատաշենի մաքսակետերում գործող նմանատիպ սարքավորումներից: ՊԵԿ Մաքսային հսկողության սարքավորումների և կապի շահագործման ու սպասարկման բաժնի պետ Արտակ Գալստյանի խոսքերով, այն շարժական է, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության համակարգը շահագործել մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այդ թվում` մաքսակետերում, մաքսային պահեստներում և ընդհնարապես, ցանկացած վայրում:
Սարքը կարող է աշխատել էլեկտրասնուցմամբ, իսկ 40Կվտ հզորությամբ դիզելային գեներատորի շնորհիվ` նաև ինքնավար: Համակարգը հնարավորություն է տալիս ռենտգենյան սկանավորման միջոցով արագ և ճշգրիտ ստուգել բեռնատարների, բեռնարկղների պարունակությունն, ինչպես նաև դրանց համապատասխանությունը մաքսային հայտարարագրի, բեռն ուղեկցող փասթաթղթերի հետ:
Ըստ Արտակ Գալստյանի, շուրջօրյա ռեժիմով` սարքն ունակ է մեկ ժամում զննելու մինչև 4.6մ բարձրությամբ և 2.6մ լայնությամբ 15-20 բեռնատար, սկանավորման արագությունը կազմում է 0.2-0.4մ/վրկ, ընդ որում, մեկ քայլով կարող է սկանավորել հաջորդաբար կանգնած մինչև 4 բեռնատար: Աշխատանքային տարածքը հսկվում է ահազանգման հատուկ համակարգով: Հաշվի առնելով հայ-վրացական սահմանին շրջանցիկ ճանապարհների առատությունը` նմանատիպ շարժական սարքի օգնությամբ հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքարել նաև մաքսանենգ բեռնափոխադրողների դեմ:
ՀՀ ԿԱ ՊԵկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին