Աղվան Հովսեփյանը չի ծանոթացել ՄԻՊ-ի զեկույցին
Լրագրողներն այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի նա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցի մասին և որքանով էր ադեկվատ դատախազության արձագանքը դրան: Ի պատասխան Ա. Հովսեփյանն ասաց. «Հավատացնում եմ, որ չեմ հասցրել ծանոթանալ»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արտահերթ զեկույց էր հրապարակել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Իր զեկույցում Կարեն Անդրեասյանն անդրադարձել է հայաստանյան դատական համակարգի կոռուպցիոն մեխանիզմներին, հրապարակել հարցումների արդյունքում պարզված կաշառքի գների չափը:
«Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում. առաջին ատյանում՝ 500-10.000 դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000 դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 դոլար»,- իր զեկույցում նշել է Կ. Անդրեասյանը:
Նա խոսել էր նաև արդարադատության խորհրդի կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին, արձանագրել խախտումների և երկակի ստանդարտների կիրառման դեպքեր վճռաբեկ դատարանում:
Զեկույցին անդրադարձել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշել էր, որ զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Միևնույն ժամանակ Գևորգ Կոստանյանը Կարեն Անդրեասյանին խնդել էր զեկույցի եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ ներկայացնել, որպեսզի դատախազությունը կարողանա պատշաճ ընթացք տալ և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցել: