Գերմանացի բժշկի խորհրդատվությունը ստանալու համար Հայաստան են գալիս նաև Ռուսաստանից և Վրաստանից
IMZ ինովացիոն բժշկական կենտրոնը լավագույն բժշկական հաստատությունների համակարգողն է Գերմանիայում: IMZ միության մեջ մտնում են Գերմանիայի լավագույն և ստուգված կլինիկաները: Նշյալ կենտրոնն իր պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում բացել է 2013թ. սեպտեմբերի 30-ից: Նման կենտրոնի բացումը պայմանավորված էր պահանջարկով: Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին 15-20 տարիներին ԱՊՀ-ից, այդ թվում և՝ Հայաստանից Գերմանիա մեկնող հիվանդների հոսքը շատ մեծ է: Հայաստանում գործող IMZ ինովացիոն բժշկական կենտրոնի հրավերով Գերմանիայի լավագույն բժիշկներից շատերը պարբերաբար այցելում են Հայաստան՝ Երևանի համապատասխան բժշկական հաստատություններում վիրահատություն կատարելու նպատակով: Բուժումից հետո մարդիկ հեռակա կապ են պահպանում գերմանացի բժիշկների հետ:
Ավելին, գերմանացի բժշկի խորհրդատվությունը ստանալու համար Հայաստան են գալիս նաև Ռուսաստանից և Վրաստանից, քանի որ այս ծառայություններն այստեղ շատ ավելի մատչելի են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց IMZ Հայաստան գրասենյակի համահիմնադիր Հայկ Հարությունյանը` նշելով, որ իրենց նպատակը հայ քաղաքացուն լրացուցիչ բեռից ազատելն է: Նշենք, որ IMZ հայաստանյան գրասենյակը ստանձնում է ողջ կազմակերպչական և ադմինիստրատիվ աշխատանքը՝ կապված մուտքի վիզայի հետ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու համար դեսպանատան հետ կապված մյուս բոլոր հարցերը, ներառյալ՝ հյուրանոցի ամրագրումը, դիմավորումը օդանավակայանում, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանչի տրամադրումը:
«Պահանջարկի ձևավորումը պարզ է, քանի որ այս ծառայությունը Գերմանիայում արժե մի քանի անգամ թանկ: Բացի այդ, նման ծառայությունից օգտվելու համար պետք է մեկնել Գերմանիա, վիզա ստանալ, հյուրանոցում համար վարձել, մի քանի օր ապրել, և այլն, իսկ իրականում գուցե պետք էլ չէր, որպեսզի հիվանդը հասներ Գերմանիա»,- ասաց Հ. Հարությունյանը` նշելով, որ անցյալ ամիս գերմանացի մի պրոֆեսորի Հայաստան հրավիրելիս խնդիր են ունեցել, քանի որ բոլոր ցանկացողներին բժիշկն ընդունել չի հասցրել: Այդ իսկ պատճառով բժշկին պետք է կրկին հրավիրեն Հայաստան: «Հենց այդ պատճառով էլ այս անգամ այդ բժշկին` Դիրկ Ֆայկենին, հրավիրելիս, նրա Հայաստանում մնալու ժամանակահատվածը 3-4 օրից երկարաձգել ենք՝ մինչև 8 օր, որպեսզի կարողանանք պահանջարկը բավարարել»,- ասաց բանախոսը:
Այսպես, հայտնի գերմանացի նյարդաբան, հոգեբույժ և հոգեթերապևտ Դիրկ Ֆայկենն արդեն Հայաստանում է` կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով:
Բժիշկ Դիրկ Ֆայկենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Գերմանիայում ոչ միայն հետազոտում են հիվանդներին, այլև կատարում են ցանկացած տեսակի էլեկտրոնային հետազոտություն: Այսինքն` բժիշկներն այնտեղ տիրապետում են նորագույն սարքերին, իսկ Հայաստանում նոր տեխնիկան կիրառելու հարցում գերմանացի բժիշկը խնդիր է տեսնում և նշում է, որ շատ կցանկանար հետագայում աշխատել նաև հայ բժիշկների հետ` նոր տեխնոլոգիաների և մեթոդների կիրառման և փորձի փոխանակման համար:
«Այժմ մեր գործունեությունը կայանում է հիվանդներին խորհրդատվություն տալու մեջ, և, եթե մարդիկ ունեն դեղորայքային բուժման կարիք, ապա նրանց ապահովել ժամանակակից նոր ինովացիոն դեղորայքով, ինչն այժմ կիրառվում է Գերմանիայի մի շարք կլինիկաներում: Իսկ այն հաճախորդներին, ովքեր ունեն վիրահատական միջամտության կարիք, կարող ենք ապահովել, որպեսզի Գերմանիայում կատարվեն մի շարք հետազոտություններ, ինչպես նաև վիրահատություններ, որոնք այսօր Հայաստանում ինչ-ինչ պատճառներով չեն արվում»,- ասաց Դ. Ֆայկենը: Բժշկի խոսքով` դեղորայքային բուժումը Հայաստանում կարելի է շատ լավ կարգավորել, սակայն, հակառակ դրան, բարդ վիրահատությունները, որոնց կարիքը կա Հայաստանում, դժվար է իրականացնել ոչ միայն՝ զուտ մասնագետների պակասի, այլև Հայաստանում համապատասխան նոր սարքավորումների բացակայության պատճառով:
Գերմանացի բժիշկը նշում է նաև, որ այս ընթացքում արդեն հասցրել է 20 հայ հիվանդի հետազոտել: Նա խոսեց հայ և գերմանացի հիվանդների տարբերությունների մասին: «Իհարկե, եթե իրավունք ունեմ, այս կարճ ժամանակահատվածը հաշվի առնելով, ապա համեմատության համար կարող եմ ասել հետևյալը. այստեղ այն հիվանդներն են դիմում բժշկի, որոնք արդեն բավականին ծանր հիվանդներ են, ես չեմ կարող նույնն ասել Գերմանիայի մասին, որովհետև, եթե Գերմանիայում ունենք 20 հիվանդ, ապա 20-ից 5-ն ունեն ծանր խնդիրներ»,- ասաց Դ. Ֆայկենը:
Նշենք, որ բժիշկ Ֆայկենը զբաղվում է նյարդաբանական, հոգեսոմատիկ և հոգեբուժական հիվանդությունների բուժմամբ: Կոնսուլտացիաներին կարող են գրանցվել ինսուլտ, գլխուղեղի ուռուցք, էպիլեպսիա, պարկինսոնիզմ, թուլամտություն, գլխացավեր, միգրեն, գլխապտույտ, մեջքի ցավեր, մկանային և նյարդային ցավեր, ցրված սկլերոզ, միոպատիաներ, պոլինեյրոպատիաներ, ողնաշարի ճողվածք, նյարդի սեղմման համախտանիշ ունեցող մարդիկ: Բժիշկը Հայաստանում կգործի դեկտեմբերի 16-23-ը:
Հերթագրվելու համար կարող եք դիմել IMZ կենտրոն. հասցե`Վազգեն Սարգսյան 26/1, 3-րդ հարկ, 306 սենյակ: Կայք` www.imz-medizinzentrum.de Էլ. Հասցե` [email protected] Հեռ. +37460619191 կամ +37496999166