Ադրբեջանում կալանավորել են հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիին
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ադրբեջանում կալանավորել են ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, Ժողովրդավարության ուսուցման և ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին:
Նշվում է, որ երեկ նրան և նրա ղեկավարած կառույցի գործադիր տնօրեններ Բաշիր Սուլեյմանլիին և Էլնուր Մամեդովին կանչել են Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործություններով զբաղվող հետաքննչական վարչություն:
Դրանից երկու ժամ անց Սուլեյմանլին ու Մամեդովն ազատ են արձակվել, իսկ որոշ ժամանակ անց նրանց զանգահարել է փաստաբանը և հայտնել, որ Մամեդլին ձերբակալվել է, տարվել է դատարան, ուր և նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրվել եռամսյա կալանքը:
Ընդգծվում է, որ Մամեդլիի ղեկավարած կառույցը մոնիթորինգի է ենթարկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները և ֆիքսել է բազմաթիվ խախտումներ: Դրանք արտացոլվել են ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում ու ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության հաշվետվությունում:
Արդեն դեկտեմբերին հետաքննություն էր սկսվել Ժողովրդավարության ուսուցման և ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի նկատմամբ՝ կապված հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և սեփական լիազորությունները չարաշահելու հետ: