Դավութօղլուն հերքել է տարածքների վերադարձման դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու առաջարկի մասին լուրը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով երեկ Երևանում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հանդիպել է լրագրողների հետ:
Լրագրողներից մեկը Դավութօղլուին հարց է ուղղել՝ կապված թուրքական մամուլում (Sabah) հրապարակված այն տեղեկատվության հետ, որ եթե Հայաստանն ազատի Լեռնային Ղարաբաղին հարակից երկու շրջան, ապա Թուրքիան պատրաստ է դրա դիմաց բացել Հայաստանի հետ սահմանը:
Ի պատասխան՝ Դավութօղլուն հերքել է այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ հայկական կողմին նման առաջարկ չի արել ո՛չ ինքը, ո՛չ էլ Թուրքիայի ԱԳՆ-ի որևէ պաշտոնյա. «Թուրքական մամուլում և հայկական մի շարք ԶԼՄ-ներում տեղ գտած այդ հրապարակումն անհիմն է և ամբողջովին սպեկուլյացիա է:
Մեզ համար կարևորն այս երկխոսությունն ու նման հանդիպումները շարունակելն է: Դրա շրջանակներում կարող են օրակարգում հայտնվել ամեն տիպի ստեղծագործ մտքեր: Երկու երկրները գիտեն միմյանց դիրքորոշումները: Սակայն այսօրինակ սառեցված ճգնաժամերում եթե նոր մտքերով մի քիչ հարստացնենք մեր դիրքորոշումը, ապա դա կարող է առաջ ընթանալու ճանապարհ հարթել»: