Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կքննարկի Ուկրաինայի հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 16-ին մեկնելու է Բրյուսել, ուր մասնավորապես ԵՄ-ի ղեկավարության հետ քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դեկտեմբերի 16-ին Բրյուսելում պետք է տեղի ունենա ԵՄ-ՌԴ երկխոսությունը, որի շրջանակներում էլ Լավրովը հանդիպելու է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ:
Այդ գագաթաժողովում քննարկվելու է նաև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը, հատուկ ուշադրություն է հատկացվելու վիզային ռեժիմի վերացման խնդրին, ամփոփվելու են այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» համաժողովի արդյունքները:
Միջազգային հարցերի հետ կապված՝ մեծ ուշադրություն է հատկացվելու Սիրիական հակամարտության և Իրանի միջուկային ծրագրի կարգավորմանը: