Գեղաքարը կին գյուղապետ կունենա
Գեղարքունիքի Գեղաքար hամայնքի ղեկավարի դեկտեմբերի 8-ին կայացած գյուղապետի արտահերթ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ի թեկնածու, անկուսակցական Կարինե Մարտիրոսյանը: Նրա մրցակցիցը՝ գյուղապետի տեղակալ, ինքնաառաջադրված անկուսակցական Ռաֆիկ Սաֆարյանը 15 քվե պակաս է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, որ Գեղաքարի նախկին գյուղապետ Աշոտ Խաչատրյանը մահացել էր սեպտեմբերի 2-ին: Նույն օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի մարզերի 10 համայնքներում կայացած գյուղապետի հերթական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված՝ քվեարկության նախնական արդյունքների, գործող գյուղապետերից վերընտրվել են 8-ը:
Նրանցից 7-ը ՀՀԿ անդամներ են, մեկը՝ ՀՅԴ: Այսպես՝ Արարատի մարզի Դարակերտի և Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքներում գործող գյուղապետերը՝ ՀՀԿ անդամ Ղուկաս Սիմոնյանը և ՀՅԴ անդամ Հովիկ Պողոսյանը քվեարկվել են առանց մրցակցի: Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքում գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մանվել Մկրտչյանը ձայների մեծ առավելությամբ հաղթել է իր 2 անկուսակցական մրցակիցներին:
Արագածոտնի մարզում Սուսեր համայնքի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Գուրգեն Զաքարյանը, Արարատի մարզում Այնթապի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը, Շիրակի մարզում Ջաջուռավանի գյուղապետ, ՀՀԿ-ական Աշոտ Գրեյանն իրենց անկուսակցական մրցակիցներին, իսկ Արարատի մարզի Ջրահովիտի գյուղապետ, ՀՀԿ-ական Համլետ Ղազարյանը իր կուսակից մրցակցին հաղթել են ձայների մեծ առավելությամբ: Արարատի մարզի Լանջառի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Այվազյանն իր անկուսակցական մրցակցին հաղթել է 3 ձայնի առավելությամբ:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: