Անառողջ ցանկություն

Լատվիայի մասին տեղեկատվությունը մեր երկրում պահանջարկ չի ունեցել: Այս փոքրիկ երկրի վրա մեր ուշադրությունը բևեռվեց վերջին ողբերգությունից հետո, երբ փլուզվեց Վիլնյուսի առևտրի կենտրոններից մեկը, և զոհվեց 54 քաղաքացի: Սակայն Լիտվայից եկավ մյուս լուրը. այդ երկրի կառավարությունը` ողջ կազմով, հրաժարական է ներկայացրել: Այդ թվում և` ուժայինները:

Ընդ որում, փլված կառույցը մասնավոր շինություն էր` մասնավորի պատասխանատվության տակ: Մեզ համար այդ հրաժարականը մի ֆանտաստիկ իրադարձություն էր, թեև իրականում Լատվիայում իշխանությունները դրսևորեցին ամենասովորական պարկեշտություն: Այդ լուրից հետո անառողջ ցանկություն է առաջանում` համեմատել Լատվիայի իշխանություններին մերոնց հետ: Եվ այս դեպքում ամենևին էական չէ, որ Լատվիան եվրոպական երկիր է: Եթե միջինասիական ամենահեռավոր աուլի գյուղապետն իր աշխատանքի հանդեպ դրսևորի պատասխանատվության նման մակարդակ, ապա ամենևին էական չի լինի՝ այդ մարդը պարկեշտություն է դրսևորում հեռավոր աուլո՞ւմ, թե՞ որևէ մեգապոլիսում:

Անգամ ամենաբարձր մտավոր հնարավորությունները չեն կարող փոխարինել բարոյական արժանիքներին: Չկա ոչինչ ավելի վատ, քան ամեն իրավիճակից չոր դուրս եկող, անպարկեշտ մարդը՝ պետական բարձր պաշտոնին: Պարկեշտության ընկալումը պետական մեր բարձրաստիճան այրերի համար խիստ սահմանափակ է` ընտանիքի, մերձավորների հանդեպ պարտավորվածության զգացողություն` իրենց պաշտոնում հնարավորինս նրանց օգտակար լինելու առումով: Չբացակայել միմյանց զավակների հարսանիքներից…

Կա՞ պատասխան` ինչո՞ւ որևէ բարձրաստիճան պաշտոնյա մեր երկրում հրաժարական չի տալիս. ի վերջո, պաշտոնից արժանապատիվ հեռանալու պատճառները չափազանց շատ են: Ավելի շատ, քան պաշտոնում մնալու հիմնավորումները: Սակայն, երբ որևէ նոր կադրի աշխատանքի են ընդունում` որպես մաքուր կենսագրություն ունեցող «տղա», այդ «տղան» (որը, հասկանալի է, վաղուց արդեն տղա չէ, սակայն իներցիայով այդպիսին է համարվելու մինչև խոր ծերություն) իր նշանակման հրամանը տեսնելուն պես դառնում է մեկը` նրանցից: Հայաստանի ղեկավար պաշտոնում աշխատանքի նշանակվելու գլխավոր, սակայն չգրված պայմանն է` որևէ քայլով չվնասել ընդհանուրի (խմբի, կլանի) շահերին: Հասկանալի է, որ այս իշխանությունը` ողջ կազմով, կազմված է մարդկանցից, որոնք անձնական պատասխանատվություն չեն ստանձնում` ձևացնելով, թե նման հնարավորություն կցանկանային ունենալ, սակայն, ինքներդ եք հասկանումգ Եվ, գրեթե վստահ եմ, որ Լիտվայի պաշտոնյաների որոշման վրա մեզ մոտ մի լավ ծիծաղել են և այն որակել` որպես հիմարություն:

Այստեղ գիտեն` հրաժարական տալ` կնշանակի` հրաժարում խաղի ընդունված կանոններից: Իսկ դա մեր քաղաքական և կուսակցական էլիտայի բառապաշարով նշանակում է` «շանտղություն»: Համատարած իմիտացիա է. իշխանությունում մարդ է, որն իրեն նախագահ է ձևացնում, մարդիկ են, որոնք իրենց նախարարներ են ձևացնում կամ ԱԺ պատգամավորներ: Մի քանի հազար չինովնիկներ ձևացնում են հոգատարություն` ժողովրդի հանդեպ: Ոստիկաններին նորաձև համազգեստ են հագցնում, սովորեցնում են քաղաքացու հետ «Դուք»-ով խոսել (ամենադժվարը սա է տրվում), ավելի մեծ հնարավորություններ են տալիս երթևեկել` վթարային իրավիճակներ ստեղծելով, նրանց ավելի ամուր զրահներ ու մահակներ են տալիս, սակայն քաղաքացին իրեն ավելի պաշտպանված չի զգում:

Իհարկե, իշխանությունը կարող է ձևացնել, թե քաղաքացիների հարգանքը չափազանց արժեքավոր է իր համար: Սակայն հասարակության հետ իշխանությունը վարվում է նույնքան անամոթաբար, որքան 18-րդ դարում` հարստացած բուրժուաները` իրենց աղախինների հետ. նրանց այնքան չէին կարևորում, որ անհարմար չէին զգում աղախինների ներկայությամբ անել այն, ինչ սովորաբար երկրորդ կամ երրորդ մարդու ներկայությամբ չի արվում:

Հավաստիացումները, թե` ամեն ինչ հանուն ժողովրդի է, ջարդած կոպեկի արժեք չունեն: Բավական է միայն անձնական օրինակը:

Օրերս, Հռոմի պապի և ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումի ռեպորտաժից պարզվեց, որ Պապը հրաժարվել է իր ապարտամենտներից. այդքան մեծ տարածությունը ջեռուցելը նպատակահարմար չի գտել: Պապը բնակվում է հարևան հյուրանոցներից մեկում, ուր, ի դեպ, գնում է ոտքով: Եվ դարձյալ համեմատելու չարամիտ այդ սովորությունը. ասել, որ մեր բարձրաստիճան հոգևորականները չգիտեն` ինչ է նշանակում` անձնական օրինակ, ինչ է նշանակում` ժուժկալություն, հավանաբար սխալ կլինի: Սակայն, երբ մայրաքաղաքի կենտրոնում վեր է խոյանում Ամենայն Հայոց կաթողիկոսի հսկայական նոր նստավայրը, սկսում ես ինչ-որ բան չհասկանալ, ինչ-որ բանի կասկածել:

Մարդուն, բարեկիրթ, գիտակից մարդուն ամեն շքեղություն անհարմարություն է պատճառում, առավել ևս` երբ հոգևոր կյանքով ես ապրում:

Երբ մեր իշխանությունները որևէ որոշում ցանկանում են փաթաթել հասարակության գլխին, որպես հիմնավորում բերում են այլ երկրների փորձը: Երբ բարձրաստիճան հոգևոր այրերը ցանկանում են հիմնավորել, թե ինչու մեր եկեղեցու սպասավորները աստվածավախ, ժուժկալ կյանք չեն վարում և ինչու այդքան հրաշալի հարաբերությունների մեջ են իշխանությունների հետ, ասում են. «Ամենայն իշխանություն Աստծուց է»:

Այդ ամենը հասկանալի է, սակայն առավել հասկանալի ու հանրամատչելի է Լիտվայի կառավարության և Հռոմի պապի անձնական օրինակը: Իրենց վարքով նրանք հասարակություններին անուղղակի առաջարկում են արժեքներից` քրիստոնեականը, բարոյականությունից` պատասխանատվությունը սեփական ժողովրդի առաջ ու, առհասարակ, պարզ, մարդկային պարկեշտությունը: Մնացածը դատարկաբանություն է: Բայց այս մասին առավել մանրամասն կպատմեն Հայաստանի իշխանությունները:

Տեսանյութեր

Լրահոս