ՄԱԿ-ին է ներկայացվել էլեկտրոնային լրտեսման անթույլատրելիության մասին բանաձևի նախագիծը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլին և Գերմանիան երեկ պաշտոնապես ՄԱԿ-ին են ներկայացրել Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծը, որը կոչ է անում վերջ դնել էլեկտրոնային լրտեսությանը և համացանցի վրա տարածել անձնական կյանքին չմիջամտելու իրավունքը, ինչն ամրագրված է Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային պակտով:
Փաստաթղթի շնորհանդեսից հետո 10 երկիր հայտարարել է, որ դառնում է այդ փաստաթղթի համահեղինակ. Ավստրիա, Բոլիվիա, Ինդոնեզիա, ԿԺԴՀ, Լիխտեյնշտեյն, Պերու, Ուրուգվայ, Ֆրանսիա, Շվեյցարիա և Էկվադոր:
Փաստաթղթում հաստատվում է անձնական կյանքի անձեռնմխելիությունը և բոլոր երկրներին կոչ է արվում պաշտպանել այդ իրավունքը: Բացի այդ, կոչ է արվում վերջ դնել իրավախախտումներին և նման գործողությունների կանխման համար ստեղծել համապատասխան պայմաններ:
Ակնկալվում է, որ փաստաթուղթը ՄԱԿ ԳԱ-ի 3-րդ հանձնաժողովում քվեարկության է դրվելու նոյեմբերի 27-ից ոչ ուշ: Ավելի վաղ հաղորդվել էր, թե ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: