7-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել է վրացական խնձորի արտահանումը Ռուսաստան
Business Грузия-ի փոխանցմամբ՝ 7-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել է վրացական խնձորի արտահանումը Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Գիգա Կուրդովանիձեն:
Վերջինիս խոսքերով՝ խնձորի առաջին երկու խմբաքանակներն արդեն իսկ հատել են սահմանը, որոնցից մեկն ուղղվում է դեպի Մոսկվա, իսկ մյուսը՝ Սիբիր: Նա հավելել է, որ խնձորից հետո, ռուսական շուկայում կհայտնվի Վրաստանից ներկրված տանձը, սերկևիլը, արքայանարինջը, պնդուկը:
Կուրդովանիձեի խոսքերով՝ նոյեմբերի կեսին Վրաստան կայցելեն Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) մասնագետները, որոնք ստուգումներ կանցկացնեն խուրմայի (արմավ), կանաչեղենի և այլ բուսատեսակների արտադրությունում:
Նոյեմբերի 10-ից վերսկսվելու է վրացական ցիտրուսների արտահանումը Ռուսաստան: