Բաժիններ՝

Ստամբուլում այսօր շահագործման կհանձնվի «Մարմարա» ստորջրյա երկաթուղային թունելը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունենալու «Մարմարա» երկաթուղային թունելի շահագործման հանձնումը: Բոսֆորի նեղուցի հատակով անցնող այդ երկաթուղային թունելը միմյանց կկապի Ստամբուլի ասիական ու եվրոպական հատվածները (Ասիան ու Եվրոպան):

Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ «Մարմարան» աշխարհի ամենակարևոր նախագծերից մեկն է: Թունելի բացման արարողակարգին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը և վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Բոսֆորի նեղուցի հատակով երկաթուղային թունել կառուցելու գաղափարն առաջարկվել է դեռևս 19-րդ դարում՝ օսմանյան սուլթան Աբդուլ-Մեջիդի ժամանակ: Թունելի կառուցման վրա աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին: Թունելի երկարությունը կազմում է 13.6 կիլոմետր:

Թունելով գնացքները պետք է երթևեկեն յուրաքանչյուր 2 րոպեն մեկ: Երկու ուղղություններով փոխադրվող ուղևորների ընդհանուր քանակն օրական ենթադրաբար կազմելու է 1.2 միլիոն մարդ: Թունելը շահագործման հանձնելուց հետո Ստամբուլում երկաթուղային փոխադրումների ծավալն աճելու է 20-28 տոկոսով:

Թունելի կառուցման ժամանակ հաշվի են առնվել հնարավոր ուժեղ երկրաշարժերը: Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը հայտարարել է, որ «Մարմարա» թունելն անվտանգ է՝ ընդգծելով, որ իրենք ողջ լրջությամբ դիտարկել են հնարավոր բոլոր ռիսկերը:

Այսօր Թուրքիայում նշում են հանրապետության հիմնադրման 90-ամյակը (29.10.1923): Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել է Գյուլին ու Էրդողանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս