ԵԱՀԿ-ը Վրաստանի նախագահական ընտրությունները որակել է որպես մրցակցային ու թափանցիկ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ առաքելության դիտորդների կարծիքով՝ երեկ Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունները համապատասխանել են կազմակերպության չափանիշներին: Այս մասին նշված է ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցում:
ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մատեո Մեկաչին ընտրությունները որակել է որպես «մրցակցային, թափանցիկ և լավ կազմակերպված»: Դիտորդների հայտարարությունում ընդգծվում է, որ նախընտրական կամպանիայի ընթացքում ընտրողներն ազատորեն կարողացել են ծանոթանալ թեկնածուների ծրագրերին, ընդ որում առաջատար ԶԼՄ-ները հավասարակշիռ ձևով լուսաբանել են ընտրական գործընթացը:
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական արդյունքներով, նախագահական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, ով ստացել է քվեների ավելի քան 60 տոկոսը: