Բաժիններ՝

Թուրքիայում հանրապետական դատախազը պահանջել է ցմահ ազատազրկել 1980 թվականի հեղաշրջման կազմակերպիչներին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրապետական դատախազ Սելչուք Քոջամանը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման գործի քննման շրջանակներում պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել այդ հեղաշրջման կազմակերպիչներին:

Ներկայումս նրանցից ողջ են մնացել միայն Թուրքիայի նախկին Գլխավոր շտաբի պետ և նախկին նախագահ, 1917 թվականին ծնված Քենան Էվրենն ու տվյալ հեղաշրջման ժամանակ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ, 1925 թվականին ծնված Թահսին Շահինքայան:

Քոջամանն ընդգծել է, որ ռազմական հեղաշրջման կազմակերպիչները խախտել են Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածը (պետական իշխանությունների դեմ հանցանք), ինչի համար պահանջել է ցմահ ազատազրկել նրանց: Քոջամանը դատարանին ներկայացրել է 18 էջանոց հիմնավորում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 10-ին Անկարայի դատարանն ընդունեց Քենան Էվրենի և Թահսին Շահինքայայի դեմ պատրաստված գործը։ Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է, որ երկրի նախկին նախագահը կանգնի դատարանի առջև:

1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենի իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում արձակվեց երկրի խորհրդարանը, տապալվեց Սուլեյման Դեմիրելի գլխավորած կառավարությունը։ Դեմիրելը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներ Բյուլենթ Էջևիթն ու Ալփասլան Թյուրքեշը ձերբակալվեցին։ 1982 թվականի նոյեմբերի 9-ին Քենան Էվրենը դարձավ Թուրքիայի 7-րդ նախագահ:

Երկրում փակվեցին բոլոր քաղաքական կուսակցությունները, և մտցվեց ռազմական դրություն։ Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև մինչև հեղաշրջման առավոտ հրահրված բախումներում զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650.000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1.683.000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210.000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230.000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ՝ այդպիսի պատժաչափ էր սպառնում 7000 հոգու, 388.000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30.000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20.000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14.000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30.000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների համար առաջարկվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37.000 տոննա թերթ ու հանդես։

1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ: Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս