Բաժիններ՝

Ինչո՞ւ են Հայաստանում հիմնականում սպառում լրատվական կայքերի տեղեկատվությունը

Այսօր Տեղեկատվության զարգացման օրն է: Մեր երկրում հիմնականում սպառվում է լրատվական կայքերի տեղեկատվությունը, այն դեպքում, երբ կան նաև որոշակի քանակի այլ  հետաքրքիր, հայերեն բովանդակություն ունեցող կայքեր, որոնք այդպես էլ հասանելի չեն դառնում հասարակությանը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ մենք ունենք 1 մլն էջ թվայնացված հայերեն գիտական բովանդակություն:

Բացի այդ,  «Վիքիպեդիայում» արդեն մոտ 100 հազար հայալեզու հոդվածներ կան, սակայն մարդիկ, ըստ փորձագետի` ամբողջ օրը  միայն քաղաքական լուրեր են կարդում ու երբեմն էլ՝ բրիտանացի գիտնականների հայտնագործությունները, ուրիշ ոչինչ:

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է այդ ամենը պայմանավորված, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Զուտ  այն պատճառով, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն այդ մասին: Իհարկե, այս ամենը հազար ու մի բացատրություն կարող է ունենալ, սակայն փաստը մնում է փաստ, որ մենք ունենք հայերեն բովանդակություն»,- ասաց նա` ավելացնելով,  որ «Վիքիպեդիայում» հայալեզու հոդվածների գերազանցումը ադրբեջաներեն հոդվածների թվին՝ ադրբեջանցիների շրջանում լուրջ վրդովմունք է առաջացրել, մինչդեռ մեր երկրում անգամ այդ հոդվածների մասին շատերը տեղեկացված չեն:

Գնահատելով Հայաստանում տեղեկատվության զարգացման մակարդակը՝ Ս.Մարտիրոսյանը նշեց. «Եթե դիտարկենք զուտ՝ որպես հասարակություն, որն օգտվում է տեղեկատվական տարբեր տեխնոլոգիաներից, մենք միջին դիրքերում ենք, ու շատ հաճախ որոշակի  տեխնոլոգիաներից չենք օգտվում ոչ թե այն պատճառով, որ դրանք չկան, այլ՝ որովհետև մարդիկ չեն տիրապետում դրանց, և արդյունքում՝ հոգեբանորեն կաշկանդվածություն են զգում»,-ասաց փորձագետը` որպես օրինակ նշելով Հայաստանում էլեկտրոնային կառավարման հետաքրքիր լուծումները: «Օրինակ` դուք կարող եք ձեր ՍՊԸ-ն գրանցել օնլայն տարբերակով, բայց մարդիկ շատ քիչ են օգտվում այդ հնարավորությունից, քանի որ նրանցից շատերը պարզապես տեղյակ չեն կամ չգիտեն՝ ինչպե՞ս օգտվել դրանցից»,- ասաց փորձագետը: ՏՏ փորձագետը նկատեց նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաները երբեմն շատ ավելի արագ են զարգանում, քան հասարակությունը հասցնում է յուրացնել դրանք:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս