Բաժիններ՝

Ինչո՞ւ են մարդիկ լքում Հայաստանը (հետազոտություն)

Վերջին տարիներին ահագնացող ուղեղների արտահոսքի միտմանը գումարվել է նաև ընտանիքներով երկարաժամկետ բնակության նպատակով արտագաղթելու միտումը: Սա հաստատվում է նաև վերջերս Քոլոլյան Հիմնադրամի կողմից ներկայացված հետազոտության արդյունքներով: Այս մասին գրում է «Ա1+»-ը:

Քոլոլյան Հիմնադրամը (Տորոնտո, Կանադա) ներկայացրել է մի զեկույց, որով բազմակողմանի հետազոտության է ենթարկվել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը և արտագաղթի պատճառները: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ արտագաղթի հիմքում միայն տնտեսական պատճառները չեն:

Հարցումները և ֆոկուս խմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարցվածների եկամուտների աճին զուգահեռ աճում է նաև նրանց՝ արտագաղթելու մտադրությունները: Այլ կերպ ասած, որքան աճում է ընտանիքների եկամուտները, այնքան շատ են նրանք մտածում արտագաղթելու մասին:

Հարցվածների կողմից նշված պատճառներից են տնտեսական, իրավական և այլ ոլորտներին առնչվող հիմնախնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են աշխատատեղերի բացակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, բիզնես իրականացնելու համար ոչ հավասար պայմանների, մենաշնորհների առկայությանը, ինչպես նաև օրենքի իշխանության հետ կապված հարցերին:

Կարդացեք նաև

Նշված հիմնախնդիրների արդյունքում ձևավորվում է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ ապագա չեն տեսնում իրենց ընտանիքների և երեխաների համար: Արդյունքում քաղաքացիները փորձում են իրենց բողոքն արտահայտել, և քանի որ հասարակությունը թույլ է և չի կարողանում այդ բողոքի ձայնը լսելի դարձնել, և լսող էլ չկա, մարդիկ որոնում են ելք, որը հիմնականում արտահայտվում է արտագաղթի տեսքով:

Որպես աշխատատեղերի և ներդրումների պակասության պատճառ է նշվում սեփականության իրավունքի անարդյունավետ պաշտպանությունը և գործարար միջավայրի թերությունները: Զեկույցն անդրադառնում է «Փարիզյան Սուրճ»-ի հետ կապված դեպքերին և նշում է, որ նման նախադեպերը Հայաստանում հետագա ներդրումների ներգրավման համար խիստ բացասական տեղեկատվական դաշտ են ստեղծում:

Ուսումնասիրության են ենթարկվել նաև հարկային վարչարարությունը. որպես օրինակ նշվում է հարկային մարմինների կողմից հաճախակի իրականացվող չարտոնված ստուգումները: Նշված փաստարկը հիմնավորելու նպատակով զեկույցը հղում է կատարում Մարդու Իրավունքների Գրասենյակի կողմից ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղղված նամակին (2013թ., մայիս), որով նշվում է, թե բազում տնտեսվարողներ բողոքում են Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հաճախակի և պլանից դուրս իրականացվող ստուգումների վերաբերյալ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս