Չի ուզում նախագահ դանալ, ուզում է որդի ունենալ
2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում այլևս առաջադրել իր թեկնածությունը: Այսինքն` չի առաջնորդվելու «Կրկին փորձիր» կարգախոսով և մյուս նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը` անկախ այս ընտրությունների արդյունքներից: Իսկ ո՞վ կարող է լինել «Ժառանգության» թեկնածուն հաջորդ ընտրություններում. այս հարցին բոլորը միաբերան կպատասխանեն` իհարկե Զարուհի Փոստանջյանը, քանի որ նա «Ժառանգություն» կուսակցության ամենամեծ ճանաչվածությունը ունեցող գործիչն է: Այժմ նա ավելի մեծ հանրային ճանաչում ունի, քան Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մեր տեղեկություններով` այդպես է մտածում նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ որպես առաջին քայլ` նա որոշել է Զարուհի Փոստանջյանին զիջել կուսակցության նախագահի տեղը: Հովհաննիսյանը «Ժառանգության» անդամներին նախապատրաստում է այդ փոփոխությանը և նրանց հետ հանդիպումների ժամանակ ասում է. «Այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական գործիչ, ով վայելում է հասարակության աջակցությունը, և այդ գործիչը Զարուհի Փոստանջյանն է»: «Ժառանգության» որոշ անդամներ վստահեցնում են, որ կուսակցության ղեկավարը պատրաստվում է հաջորդ տարվա սկզբին հրավիրել համագումար, որտեղ կառաջարկի նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին: Կարելի է չկասկածել, որ կուսակցականների ճնշող մեծամասնությունը ոգևորությամբ կընդունի այս առաջարկությունը, և Զարուհի Փոստանջյանը կընտրվի կուսակցության վարչության նախագահ:
Իհարկե, Փոստանջյանը ոչ միայն ՀՀԿ շարքերում, այլ նաև սեփական կուսակցությունում ունի քաղաքական հակառակորդներ, ովքեր չեն կարող պատկերացնել իրենց անդամակցությունը «Ժառանգությանը» Զարուհի Փոստանջյանի նախագահության պայմաններում, բայց նրանք կուսակցությունում գրեթե ոչինչ չեն որոշում և ստիպված են լինելու համակերպվել փաստի հետ կամ հեռանալ կուսակցությունից:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ դառնալու հնարավորության մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել Զարուհի Փոստանջյանի հետ:
Նա հայտարարեց, որ տեղյակ չէ նման խոսակցություններից, և դրանք արժանահավատ չի համարում: «Կուսակցության նախագահ դառնալը չի մտնում 2014թ. իմ ծրագրերի մեջ: Ես պատրաստվում եմ իմ որդու լույս աշխարհ գալուն, և զբաղված եմ լինելու մայրական հոգսերով»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ նա չորս աղջիկների մայր է և արու զավակ ունենալու մասին խոսում էր մեծ ոգևորությամբ ու գորովանքով:
Ինչ վերաբերում է նախագահ առաջադրվելու իր ամբիցիաներին, ապա նա հիշեցրեց, որ ինքը դասական իմաստով քաղաքական գործիչ չէ, երբեք չի երազել պատգամավոր դառնալու մասին, իր գործունեությունը սկսել է` որպես փաստաբան, և պատգամավոր է ընտրվել խիստ պատահաբար, որոշակի հանգամանքների համընկնման արդյունքում: Այնպես որ, լուրջ չի համարում խոսել նախագահ առաջադրվելու հավանականության մասին:
Հայաստանի ներքաղաքական կյանքում ակնհայտ է երկու հանգամանք: Ի տարբերություն նախորդ նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակաշրջանի, այս անգամ ընդդիմությունը միանգամից համակերպվեց ընտրությունների արդյունքների հետ և պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին: Հիշեցնենք, որ նախորդ բոլոր նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը` հայտարարելով, որ չի ճանաչում նախագահի ընտրության օրինականություն, խոստանում էր, որ նախագահի աթոռ զբաղեցրած անձը չի հասցնի պաշտոնավարել Սահամանադրությամբ նախատեսված 5 տարին, քանի որ ընդդիմությունը հասնելու է իշխանափոխության և արտահերթ ընտրությունների:
Մյուս հանգամանքն այն է, որ հաջորդ նախագահական ընտրություններում բողոքական ընտրազանգվածի թեկնածու կարող է դառնալ այն քաղաքական գործիչը, ով կլինի հնարավորինս ծայրահեղական: Սրա պատճառն էլ, թերևս, այն է, որ հասարակության մեջ մեծացել են ծայրահեղական տրամադրությունները, և դասական ընդդիմադիր գործիչները, իրենց հավասարակշիռ պահվածքով, այլևս ի զորու չեն լուրջ հասարակական աջակցություն ստանալ:
Հենց այդ պատճառով, այսօր որպես նախագահի հնարավոր թեկնածուներ` քննարկվում է Զարուհի Փոստանջյանի և Նիկոլ Փաշինյանի անունները: Եվ այդ մրցակցության մեջ Զարուհի Փոստանջյանն առայժմ հաղթում է` շնորհիվ Ստրասբուրգում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի: