Ժամանակակից ստրկության ցուցանիշով Հայաստանը 57-րդն է. Walk Free Foundation
BBC-ի փոխանցմամբ՝ ավստրալական Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ժամանակակից ստրկության վերաբերյալ իր The Global Slavery Index վարկանիշը: Զեկույցում ընդգրկվել է 162 երկիր:
Զեկույցի առաջին հորիզոնականում ընդգրկվել են երրորդ աշխարհի երկրները: Առաջին տեղում է Մավրիտանիան, որի բնակչությունը կազմում է 3.8 միլիոն մարդ, և որում ստրկության ցուցանիշը կազմել է 150.000 մարդ (բնակչության 4 տոկոսը):
Երկրորդ տեղում Հայիթին է, իսկ երրորդ տեղում՝ Պակիստանը: Ժամանակակից ստրկության բացարձակ թվերով «առաջատարը» Հնդկաստանն է, ուր մարդավաճառության զոհ է դարձել մոտ 14 միլիոն մարդ: Ընդհանուր ցուցակում նա 4-րդն է:
Նեպալը 5-րդն է, Մոլդովան՝ 6-րդը, ապա գալիս են Բենինը, Կոտ դ’Իվուարը, Գամբիան, Գաբոնը: Հնդկաստանից հետո ստրուկների բացարձակ քանակի թվով գալիս են Չինաստանը (մոտ 3 միլիոն մարդ), Պակիստանը (2.1 միլիոն մարդ) ու Նիգերիան (700.000 մարդ):
Ռուսաստանը զբաղեցրել է 49-րդ տեղը՝ մոտ 500.000 ստրուկ: Վարկանիշային աղյուսակում Ռուսաստանի հարևաններն են Վրաստանը՝ 50-րդ տեղ (ավելի քան 16.000 ստրուկ), և Ադրբեջանը՝ 51-րդ տեղ (ավելի քան 33.000 ստրուկ):
Հայաստանը զբաղեցրել է 57-րդ տեղը: Զեկույցում նշված է, որ Հայաստանի բնակչությունը կազմում է 2.969.081 մարդ, և որ այդ երկրում ստրուկների քանակը կազմում է 10.678 մարդ: Թուրքիան զբաղեցրել է 90-րդ տեղը՝ ավելի քան 120.000 ստրուկ: Իրանը 103-րդն է՝ ավելի քան 65.000 ստրուկ:
Մարդավաճառության շուկայի տարեկան ծավալը գերազանցում է 40 միլիարդ դոլարը: ԵԽ-ի տվյալներով՝ տարեկան ժամանակակից ստրկավաճառության զոհ է դառնում մոտ 4 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, մոլորակի վրա նրանց քանակը կազմում է 29.8 միլիոն մարդ:
Ցուցակը եզրափակում են Լյուքսեմբուրգը, Շվեդիան ու Ֆինլանդիան, ուր գործնականում չկան ստրուկներ: Զեկույցի հեղինակները հուսով են, որ իրենց հետազոտությունը կօգնի իշխանություններին՝ ստրկության դեմ համայն աշխարհում ավելի լավ պայքարելու համար: