Արկադի Տեր-Թադևոսյան. Փոստանջյանի հարցից ՀՀ վարկանիշը ոչ թե ընկել է, այլ բարձրացել

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ԵԽ ԽՎ-ում հետաքրքրվել այն մասին, թե արդյոք վերջինս որքա՞ն գումար է վատնել եվրոպական կազինոյում, «ամոթ» է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր-Թադևոսյանը` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցադրմանը:

«Շատ ամոթ է չէ՞ նման հարց տալ: Շատ լուրջ տեղում շատ անլուրջ հարց հնչեցնելը սխալ է: ԵԽ ԽՎ-ն լուրջ կառույց է, որտեղ լուրջ հարցեր են քննարկվում, որոշումներ են կայացվում, իսկ կազինոյի մասին հարցը ոչ կոռեկտ էր: Չի կարելի նման հարցերը միջազգային մակարդակում հնչեցնել: Եթե Զ. Փոստանջյանը շատ էր ուզում այդ հարցը տալ, կարող էր Հայաստանում տալ: Ես որպես հայ` ինձ անհարմար եմ զգում այդ հարցից հետո»,- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պատասխանին, ապա, ըստ Ա. Տեր-Թադևոսյանի, այն միանգամայն համարժեք էր:

Նա նշեց, թե չի կարող ասել` համոզի՞չ էր իր համար պատասխանի այն հատվածը, թե նախագահը կազինո հաճախո՞ւմ է, թե՞ ոչ, և ավելացրեց. «Ես չգիտեմ` ով, ինչ, ինչպես… համենայնդեպս պատասխանից կարելի էր մեկ եզրակացության գալ, որ, ըստ Ս. Սարգսյանի` Փոստանջյանը նման հարց է տալիս, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններում պարտվել է: Չեմ կարող պատասխանել այն հարցին, թե հավատացի՞, որ Սերժ Սարգսյանը կազինոյում խաղում է, թե՞ ոչ, որովհետև նման հարցերով ես չեմ հետաքրքրվում` դրանք խոսակցություններ են: Առաջին անգամ եմ ես լսում այդ մասին ու լուրջ չեմ ընդունում, որովհետև դեղին մամուլի խոսակցության պես մի բան է: Միայն Ս. Սարգսյանի չէ, շատերի մասին են նման բաներ խոսում, դրա համար խոսակցություններն այդ կարգի` ես չեմ հասկանում, մեծ նշանակություն չեմ տալիս դրանց: Եթե մարդ գտնեն` ով տեսել է, որ նախագահը կազինո է հաճախում, իր հետ գնացել է, խաղացել է, ուրիշ բան, կասեմ` լուրջ է, բայց սենց` ի՞նչ: Այս հարցն իմ հետաքրքրություններից դուրս է»:

Մեր հարցին, թե համամի՞տ է այն տեսակետներին, որ Հայաստանի միջազգային վարկանիշն ընկավ, Կոմանդոսը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Չեմ կարծում, որ ընկավ: Հակառակը` կարծում եմ, մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում կա խոսքի ազատություն, մամուլի ազատություն, որ անգամ նման բարձր հարթակներից նման հարցեր են հնչում: Ստացվեց, որ մեզ մոտ կարելի է նման հարցեր տալ` նման հարթակներում: Հապա մի փորձեք Ադրբեջանում այդ կերպ խոսել, իրենց նախագահին տենց հարց տալ… Հայաստանը ցույց տվեց, որ ազատություն է տալիս իր քաղաքացիներին: Մենք, կարծում եմ, երևացինք` որպես ժողովրդավար պետություն»:

Տեսանյութեր

Լրահոս