Նիկոլ Փաշինյան. Այդ ի՞նչ է պատահել Ստրասբուրգում, որ այդ թվում նաև ընդդիմադիր ուժերն այդպես անհանգստացած են

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդարդառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, ասել է.

«Անկեղծ ասած, ինձ համար մի քիչ անհասկանալի է այն միասնության, այսպես ասած, մթնոլորտը քաղաքական ուժերի շրջանակում, որ կա Զարուհի Փոստանջյանի առաջադրած հարցի հետ: Իմիջիայլոց, եթե ուշադրություն դարձրել եք, դա նույնությամբ կրկնում է գլխավոր դատախազի նշանակման քվեարկությունը, և ոմանք թերևս չեն էլ կռահում, բայց Զ. Փոստանջյանի հարցի հետ կապված դիրքորոշումներում, ըստ էության, բացահայտում են իրենց դիրքորոշումների միասնությունը գլխավոր դատախազի ընտրության ժամանակ: Որովհետեւ ես մի քիչ չեմ հասկանում, թե այդ ի՞նչ է պատահել Ստրասբուրգում, որ այդ թվում և ընդդիմադիր ուժերն այդպես անհանգստացած են, դատապարտում են: Ըստ էության, ես, անկեղծ ասած, չեմ ցանկանում մեկնաբանել Զ. Փոստանջյանի հարցը, որովհետև ես արձանագրում եմ, որ պատգամավորը իրավունք ունի ցանկացած հարց առաջադրել ցանկացած մեկին, և այսօր Սերժ Սարգսյանին նույնականացնել ՀՀ հետ. ինձ համար սա ուղղակի աբսուրդ է, որ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի հետ կապված մարդիկ ինչ-որ պետական վնասներ են, ինչ-որ պետականամետ դիրքորոշումներով են հանդես գալիս:

Թող իրենք պետականամետ դիրքորոշումներով հանդես գային այն ժամանակ, երբ պարզվեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է ներկայացնի մի մարդ, ով այդքան էլ բարի համարում չունի հենց նույն Զ. Փոստանջյանի առաջադրած հարցի համատեքստում, որովհետև դա նորություն չէ որևէ մեկի համար, որովհետև նույնիսկ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ժամանակին իր ընտրարշավում արձանագրել է, որ Սերժ Սարգսյանը համապատասխան հակումներ ունի: Եվ, ըստ էության, ես համարում եմ, որ պատգամավորն ունի արտահայտվելու ազատություն, և այն փաստը, որ հիմա ոմանք փորձ են անում փոփոխություններ մտցնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի մեջ, ես դա համարում եմ քաղաքական հետապնդման մի բացարձակ օրինակ, և էլի եմ ասում՝ իմ տարակուսանքն եմ արտահայտում ընդդիմադիր որոշ ուժերի դիրքորոշումների հետ կապված:

Ուրիշ բան, որ կարելի է զերծ մնալ, ես զերծ եմ մնում Զ. Փոստանջյանի հարցը մեկնաբանելուց, բայց դա չի նշանակում, որ պետք է կրծքով պաշտպանել Սերժ Սարգսյանին, իբր ՀՀ պետականությունն են պաշտպանում: Ո՞ւր էին այդ պետականությունը պաշտպանող մարդիկ, կամ այդ պետականությունը պաշտպանող մարդիկ թող հիշեն, որ ի դեմս Սերժ Սարգսյանի, գործ ունենք մի մարդու հետ, ով տանկերի միջոցով օկուպացրել է ՀՀ մայրաքաղաքը 2008 թվականի մարտի 1-ին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս