Հեռահար հրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի հայտարարած մրցույթում հաղթել է չինական ընկերությունը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում անցկացվել է Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը, որը նախագահել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Այն տևել է մոտ 3 ժամ:
Նիստին մասնակցել են նաև Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Պաշտպանական արդյունաբերության նախարար Մուրադ Բայարը և այլք: Նիստի օրակարգում գտնվող ամենակարևոր հարցը հանդիսացել է մեծ հեռահարություն ունեցող հրթիռների մրցույթի արդյունքների հրապարակումը:
Դրան մասնակցելու համար ստացվել էր 4 հայտ՝ ամերիկյան Patriot, չինական FD-2000, ռուսական S-300, ֆրանս-իտալակայան Samp-T համալիրները:
Հաղթող է հանդիսացել չինական CPMIEC ընկերությունը, ով մեծ հեռահարություն ունեցող հրթիռներ կստեղծի թուրքական կողմի հետ համագործակցությամբ: FD-2000-ի հեռահարությունը կազմում է 100 կիլոմետր, իսկ առավելագույն վեր բարձրանալը՝ 20 կիլոմետր: