Սոչիում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոչիում այսօր իր աշխատանքներն է սկսել ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները:
Ակնկալվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակը, 2014 թվականին Աֆղանստանից միջազգային ուժերի դուրս բերումից հետո ձեռնարկվելիք համատեղ գործողությունների հարցը:
Բացի այդ, պլանավորված է, որ գագաթաժողովում ընդունվելու են որոշումներ՝ կապված ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերի ստեղծման, կոլեկտիվ ուժերի կառավարման համակարգի կատարելագործման, Միացյալ շտաբում կառուցվածքային փոփոխություններ անելու և 2014 թվականի ՀԱՊԿ-ի բյուջեն հաստատելու հետ:
Գագաթաժողովից հետո ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղզստանից փոխանցվելու է Ռուսաստանին: