Բաժիններ՝

Հայաստանը 22 տարեկան է. ի՞նչ ձեռքբերումներ ու ձախողումներ ունենք

Հայաստանի անկախացումից հետո մեր երկրի տնտեսությունը տարբեր փորձությունների է ենթարկվել՝ պատերազմ, շրջափակում, երկնիշ վագրային աճ, համաշխարհային ճգնաժամ, անկումգ Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչով կարող ենք հպարտանալ և ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ կարող էինք անել, որ չենք արել:

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականով՝ վերջին տարիներին Հայաստանը լուրջ նահանջ է արձանագրել անկախության տեսանկյունից: Մեզ հետ զրույցում Բագրատյանը նշեց, որ 22-ամյա Հայաստանի Հանրապետությունը չունի բալանս տնտեսության մեջ, որ մեր պետությունը կարողանա տնտեսությունը կառավարել հանրապետության տարածքն ամբողջութամբ:

Bagratyan122«Մենք տրվում ենք տարբեր քաղաքական դաշինքների՝ լինի Եվրոպա, լինի Մաքսային միություն, պատեհապաշտ քաղաքականություն ենք վարում, այն՝ ինչ երեկ քննադատվում է, այսօր արվում է, այն՝ ինչ այսօր քննադատվում է, երեկ գովում էին: Անշուշտ, երկիրը պետք է մտնի համագործակցության մեջ և դա լավ է, որ մտնի, բայց գոյություն ունի բալանս, որ որոշակի կետից սկսվում է պահ, երբ անկախության ատրիբուտները դուրս են գալիս մեր վերահսկողության տակից: Մինչդեռ հենց անկախությունն է, որ ժողովրդին դարձնում է ազգ, համույթը դարձնում է պետություն, և մեր պետությունը միակ երաշխիքն է մեր ժողովրդի գոյության՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում»,- ասաց Հ.Բագրատյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի խոսքով, եթե ՀՀ անցած 22 տարիների ուղին դիտարկենք մեկնարկային կետից՝ 1990 թվականից, երբ ծանր պատերազմական վիճակում էինք, տնտեսական շրջափակում էր, չկար գազ ու էլեկտրաէներգիա, ապա այժմ կարելի է փաստել, որ բավականին առաջընթաց ունենք: Գ.Նուշիկյանը նկատեց, որ իհարկե, շատ դժվար է գնահատական տալ՝ արդյոք մենք այդ ժամանակահատվածն իրո՞ք ռացիոնալ օգտագործեցինք, թե ոչ, որովհետև կարող էր ավելի լավ լինել և կարող էր ավելի վատ լինել:
«Համենայն դեպս, եթե ցանկությունների մասին խոսենք, ես, բնականաբար, կուզենայի, որ շատ ավելի լավ լիներ»,- ասաց նա:

Կարդացեք նաև

NushikyanՊատգամավորի խոսքով՝ դեռևս ունենք չլուծված կարևորագույն հարց, կարելի է ասել, որ մեզ համար պատերազմը դեռ չի ավարտվել, դադարի փուլում ենք, նաև չլուծված հարց ունենք Թուրքիայի հետ հարաբերություններում՝ սահմանների հետ կապված, և եղած պայմաններում միգուցե և մենք ունենք առավելագույնը, ինչ կարելի էր ունենալ: Վերջին տարիներին, Գ.Նուշիկյանի կարծիքով, առաջընթաց կա ժողովրդավարության, խոսքի ազատության, քաղաքացիական ազատության ձևավորման տեսակետից. «Տնտեսությունը դեռևս այդքան էլ լավ վիճակում չի մեզ մոտ, ունենք խնդիրներ, որ պետք է լուծենք` հավասար դաշտի ձևավորում, մենաշնորհներ և այլն: Թեև ունենք առաջընթաց, բայց մեր ուզած չափանիշներին դեռ չենք հասել»:

Vahagn XachatryanԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն առավել կարևորեց այն, որ 22-23 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունն անկախություն ստացավ, բայց գերագույն խնդիրն իսկապես ազատութան ձեռքբերումն էր բոլոր առումներով՝ խոսելու, արտահայտվելու, ընտրելու, իշխանություն ձևավորելու, տեղաշարժվելու, հնարավորություններն օգտագործելու և այլն:  «Այս ամբողջ ընթացքում մեզ՝ որպես պետություն, գնահատականներ տվել եմ հենց այդ չափանիշից ելնելով, թե ինչքանով է ՀՀ-ում այդ ազատությունը գնահատվում և ինչքանով են գործում նորմերը: Ցավոք, տարիների ընթացքում կորցրեցինք այդ հնարավորությունները և, կարող եմ ասել, ընդհակառակը, մեծ դեֆիցիտ ու կարիք ունենք ազատության, որովհետև կորցրել ենք ազատ ընտրելու, իշխանություն ձևավորելու իրավունքը, նույնիսկ ազատ խոսելու, արտահայտվելու հնարավորությունների առումով: Մի խոսքով՝ այն, ինչ կար, այն` ինչի մասին երազում էինք, ցավոք, այսօր իրականություն չդարձավ, որովհետև գործող իշխանությունն այլ է, այլ չափանիշներով է ապրում, այլ սկզբունքներ ունի, իրեն հարկավոր չեն ազատ մարդիկ, որովհետև ազատ մարդիկ նաև պահաջող են, ազատ մարդկանց նաև թելադրելն ու պարտադրելն անհնար է և այդ պատճառով իրենց հարկավոր են հնազանդ մարդիկ ու այս ամբողջ պետական, իշխանական համակարգը դարձավ ազատությունը խեղդող»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ մեզ մոտ ազատության պակասն այսօր արտահայատվոմ է ամեն տեղ` տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, առօրյա կյանքում: Վ.Խաչատրյանի գնահատականով, եթե ՀՀ-ն այն ժամանակ ազատության շնորհիվ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցավ՝ պատերազմի հաղթանակ, տնտեսական բարեփոխումներ, այսօր չի կարողանում դիմադրել առկա դժվարություններին. «Հենց այդ ազատության պակասն է, որ կորցրել ենք մեր իմունիտետը, մեր դիմադրողականությունը: Այն ժամանակ երազել կարելի էր՝ դառնալ ՀՀ քաղաքացի, իսկ հիմա մեր երկրի քաղաքացիները հեշտությամբ հրաժարվում են դրանից»:

BostanjyanԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց ՀՀ անկախության անցած ժամանակաշրջանը: «Ամենայն հավանականությամբ, մարդկությունը միշտ ձգտել է անկախության, և մենք, ի վերջո, կարողացել ենք քվեարկել այն բանի օգտին, որ ուզում ենք անկախ լինել, և այդ ժամանակահատվածում ձեռնամուխ ենք եղել ամբողջ մեր տնտեսական համակարգը և մեր հարաբերությունները հնարավորինս լավացնելուն: Այդ գործընթացում մենք որոշակի ձեռքբերումներ անշուշտ ունենք, բայց ունենք նաև վիճակներ, որ կարող էինք բացառել կամ չունենալ»,- ասաց Վ. Բոստանջյանը:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս