
«Հայաստանում կա մեկ հոգու կամք, և կան խամաճիկներ. Տիրոջ արդարադատությունն իրենք կզգան իրենց մաշկի վրա». Տեր Հովնան

Երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2 տարի ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքում: Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- հայտարարեց դատավորը։
Տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում՝ Մայր աթոռը, հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ։
Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի համար դատարանի նման որոշումը սպասելի էր:
Ասում է՝ առաջին օրվանից էլ արդեն պարզ էր, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի։
«Հայաստանում կա մեկ հոգու կամք, և կան խամաճիկներ, ովքեր այդ կամքը կատարում են։ Հիմա այս տեսակի արդարադատությունից ի՞նչ եք ուզում։ Բայց իրենք մոռանում են, որ դրանից ավելի վեր արդարադատություն կա՝ Տիրոջ արդարադատությանն իրենք չեն հավատում, բայց բոլորը դա կզգան իրենց մաշկի վրա, անպատիժ չեն մնա։
Տերը բոլորին արժանի իրենց պատիժը կտա՝ և՛ հանձնարարողին, և՛ կատարողներին, այդ օրը կգա։ Տերն ասում է. «վրեժխնդրությունն իմն է», ուրեմն՝ թողեք Աստծուն, Աստված գիտի՝ ինչպես կպատժի իրենց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովնան սրբազանը։
Հարցին՝ արդյոք մտավախություններ չունի՞, որ իշխանությունը հաջորդիվ կարող է իր և Առաքելական եկեղեցու բարձրաստիճան մյուս հոգևորականների հետևից ևս գնալ, ովքեր այս կամ այն կերպ քննադատում են ՀՀ օրվա իշխանությունների սխալ քաղաքականությունը, սրբազանը պատասխանեց.
«Իրենց խնդիրն է, է՜, թող գան, մազաչափ անգամ մտավախություն չունեմ, կրկնում եմ՝ սա իրենց խնդիրն է»։
Հարցին, թե ի՞նչ պետք է անեն Առաքելական եկեղեցու հետևորդները, երբ տեսնում են, որ բարձրաստիճան հոգևորական են դատապարտում, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը պատասխանեց՝ իրենց արդարացի ձայնը բարձրացնեն տարբեր մակարդակներում, ինչը և անում են, զգացվում է։
«Թմբիրից մարդիկ արթնանում են, և սրանց ամբողջ վախն ու մտավախությունը սա է. մարդկանց լռեցնեն, վախեցնեն, տարբեր տեսակի ուժ գործադրեն, որպեսզի պահեն թմբիրի մեջ։ Սակայն ինչ էլ անեն, չեն կարող։
Դիմացը ընտրություններ կան, բացահայտ վախի մթնոլորտ են տարածում՝ օրենքի ոտնահարումով։
Պատկանյանը մի բանաստեղծություն ունի՝ Հայոց ցեղասպանության կոնֆերանսին նվիրված, ասում է՝ «Լուսավոր Եվրոպան խուլ ու կույր մնաց»։ Այսօր այդ օրն է, ՀՀ-ում բոլոր դեսպանատները լռում են և սրանց տվել են հնարավորություն, ինչ ուզում՝ անում են։ Այսինքն՝ ոչ միայն Հայաստանում է արդարության ձայնը լռել, այլև բոլոր տեղերում, ամեն ինչ շահի վրա է։ «Մարդու իրավունքներ», «արդարություն», այս բառերը, որոնք օգտագործում են, միտված չեն մարդու կյանքի բարելավմանը, միտված է միայն իրենց շահերին։ Դրա համար համաձայնեցրած՝ ամեն ինչ անում են։
Կրկնում եմ՝ Տիրոջն է դատը, ամենաարդար դատը Տիրոջն է, ամեն մեկն իր մաշկի վրա կզգա, հավատա՞ն, թե՞ ոչ, դրան արժանանալու են»,- շեշտեց հոգևոր հայրը։
Նշենք, որ երեկ դատարանի վճռից հետո Միքայել սրբազանի փաստաբանները հայտարարեցին, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը՝ հասնելով մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը կալանավորվել էր հունիսի 28-ին՝ «իշխանության զավթման կոչ» հնչեցնելու համար։ Նա անձամբ էր ներկայացել Քննչական, քանի որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ոստիկանության հետ միասին, փորձում էին գրոհել Մայր Աթոռի վրա՝ սրբազանին բերման ենթարկելու համար։ Հենց այդ ժամանակ սրբազանն Էջմիածնից իր աջակիցների հետ ոտքով եկավ Երևան և իր փաստաբանների հետ ներկայացավ Քննչական, որից հետո նրան դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին։
Այս ամենը տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում եկեղեցիները նախ համարեց «չուլանացված», այնուհետև շաբաթներ շարունակ հայտարարում էր, որ պետք է Վեհափառ Հայրապետը հեռացվի իր գահից։