Բաժիններ՝

Վրաստանում խստացվել է «հեռախոսային ահաբեկչության» համար սահմանված պատժաչափը

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «հեռախոսային ահաբեկչության» համար սահմանված պատժաչափը խստացնելու մասին օրինագիծը:

Որոշվել է փոփոխություններ մտցնել Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածում, որը պատասխանատվություն է նախատեսում պատրաստվող ահաբեկչության վերաբերյալ կեղծ հաղորդման համար: Ընդունված ուղղումների համաձայն, այդ իրավախախտման համար պատիժը կազմելու է 5 տարվա ազատազրկում (ներկայիս 3-ի փոխարեն):

Եթե կեղծ հաղորդումը հանգեցրել է էական վնասի, ապա ազատազրկման ժամկետը կարող է հասցվել մինչև 7 տարվա: Օրինագիծը նաև փոփոխություններ է մտցնում վարչական օրենսգրքում: Մասնավորապես, տուգանքներ են սահմանվել «112» համարով օպերատիվ օգնության վարչության կենտրոն «կեղծ և ոչ նպատակային» զանգերի համար:

Տուգանքը կազմելու է 300-1000 լարի (180-600 դոլար): Դա չի վերաբերում «հեռախոսային ահաբեկիչներին», քանի որ նրանց գործողությունները որակվում են քրեական հոդվածով: Վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանի ոստիկանությունը ստացել է նմանատիպ (կեղծ) 15 հաղորդագրություն:

Մի քանի անգամ զննման են ենթարկվել «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունների, խորհրդարանի շենքերը, տարհանում է իրականացվել մի շարք դպրոցներում և Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Անանուն զանգերի բոլոր հեղինակները բացահայտված են, նրանց մեծ մասն անչափահասներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս