Բաժիններ՝

Ինչպե՞ս են դեղորայքը փաթաթում սպառողի «վզին»

Աշխարհում ամենաեկամտաբեր ոլորտը համարվում է դեղերի արտադրությունն  ու դրանց իրացումը: Մինչ սպառող-բժիշկ կապին անդրադառնալը նախ փորձենք հասկանալ, թե դեղերն ինչպե՞ս են հասնում սպառողին և այդ գործընթացում գնային ինչպիսի՞ քաղաքականություն է տարվում:

Դեղագործական շուկայի թաքնված մանրամասները ներկայացնում է տնտեսագետ, շուկայագետ Արթուր Աբրահամյանը:
«Ներմուծող ընկերությունը, նախ, ուսումնասիրություն է կատարում շուկայում, հետո  գնային պայմանավորվածություն է ձեռք բերում մատակարարի հետ որոշակի տեստ-քանակի համար: Սա արվում է, որպեսզի ներմուծող կողմը նախ հասկանա շուկայում այն կվաճառվի՞, թե՞ ոչ, որովհետև  հայկական շուկան անկանխատեսելի է: Ներմուծելիս դեղն անցնում է  որոշակի ճանապարհով և այդ պրոցեսում դեղի գինը թանկանում է»,-168.am-ի հետ զրույցում ասում է Արթուր Աբրահամյանը ու ներկայացնում սխեման, որով աշխատում են ընկերությունները:

dexi-gin

168.am-ը փոքրիկ հետաքննություն անցկացրեց դեղերի շուկայում և պարզեց որոշ մանրամասներ, որոնց մասին սպառողը պետք է իմանա:

Ինչպես գծապատկերում է նշված՝ ներմուծող կողմը շահույթի համար ձեռքբերման գնի վրա միջինում  30%  է ավելացնում, սակայն սա այն դեպքում, եթե բարեխիղճ ընկերություն է, իսկ եթե անբարեխիղճ է, ուրեմն մինչ 200 %  է ավելացվում, ինչպես, օրինակ, «Պարացետամոլ» դեղամիջոցի դեպքում է:
Շուկայում կեղծված դեղերը բազմաթիվ են և սպառողը իսկական դեղամիջոց ընդունելու փոխարեն կարող է կավիճ խմել: Հավանաբար այս դեպքում դեղորայքը  կեղծողները հույս են ունենում, որ պլացեբո էֆեկտը կգործի, այսինքն՝  հիվանդը կներշնչի ինքն իրեն, որ դեղն ազդում է: Կավիճն այս դեպքում ամենաանմեղ նյութն է թվում, որովհետև նույն հաջողությամբ  կեղծարարներն անհեթեթ բաղադրությամբ հաբեր կարող են հրամցնել սպառողին: Սպառողը պետք է զգոն լինի դեղորայքի ժամկետների, ներմուծող ընկերության տեղեկատվությունը  պարզելու հարցում:
Օրինակ, կարճատեսները չիմանալով՝ հաճախ կրում են ժամկետնանց լինզաներ, որոնք բերվում են Հայաստան ու վերափաթեթավորվում այստեղ ու բավական թանկ գներով վաճառվում սպառողին: Պարզվում է՝ անօրինական ճանապարհով դեղեր ներմուծելու ձևերն էլ բարդ չեն ու վաղուց մշակված են մեզանում.  մաքսային կետում դեղի անվանման փոխարեն կարելի է նշել ՝ բանան ու այն ավելի մատչելի ձևով անցկացնել սահմանը:
Հատկանշական է, որ ներմուծող ընկերությունները բավական լուրջ գումարներ են ծախսում, որպեսզի նոր դեղամիջոցը (պրեպարատը) առավելագույնս վաճառվի շուկայում: Եվ քանի որ գովազդի մասին օրենքը սահմանափակում է ներմուծողին, ապա այստեղ օգնության են հասնում բժիշկներն ու անհամար դեղատները:
Որպես կանոն, դեղագործական կամ ներմուծող  ընկերություններում աշխատում են բժշկական կլինիկաների ներկայացուցիչները, ովքեր, ի դեպ, շատ լավ են վաստակում: Վերջիններս կապ են հաստատում բժիշկների, դեղատան աշխատակիցների հետ և առաջարկում նոր դեղամիջոցը:
Եվ այսպես, բժիշկը  որքան շատ է վաճառում տվյալ դեղագործական ընկերության դեղամիջոցները, այնքան շատ է կազմում նրա այսպես կոչված՝ ատկատը: Գումարը յուրաքանչյուր ամիս, բժշկական ներկայացուցչի կողմից  ծրարով տրվում է բժշկին, կամ փոխանցվում նրա հաշվեհամարին:
Ձեզ մոտ չի՞ առաջացել այն հարցը, թե ինչո՞ւ է բժիշկը հիվանդին ուղղորդում կոնկրետ դեղատուն, կամ ինչ տեսակ դեղատոմսային թղթի վրա է գրում Ձեզ նշանակված դեղերի անունները,  և թե ինչո՞ւ է դեղատան աշխատակիցը վերցնում բժշկի տված դեղատոմսն իր մոտ:
Պատասխանը հստակ է՝ բժշկական ներկայացուցիչը տեղեկացնում է բժշկին, թե կոնկրետ ո՞ր դեղատներում են հաստատ վաճառում այդ դեղը: Եթե հիվանդը այլ դեղատուն է այցելում ու չի գտնում նշված դեղը, ապա նրա մոտ անվստահություն է առաջանում դեղի արդյունավետության և բժշկի նկատմամբ: Ներմուծող ընկերությունները նաև արհեստական պահանջարկ են ստեղծում դեղի նկատմամբ, այսինքն՝ անծանոթ մարդիկ, դեղատոմսերով մտնում ու հարցնում են նոր դեղամիջոցը կամ պատվիրում: Մի քանի անգամ ներմուծող ընկերությունը  շուկայական գներով գնում է իր իսկ դեղամիջոցը՝ դեղատան աշխատակիցների մոտ պատրանք ստեղծելով, թե այն իսկապես պահանջարկ ունի: Իսկ դեղատներում, որպես կանոն, շատ արագ փորձում են
«ազատվել» դեղերից՝ դրանք վաճառելով սպառողին:
Յուրաքանչյուր ամսվա վերջում, բժիշկը հաշվետվություն է ներկայացնում, թե քանի՞ տուփ է նշանակել ու այդպիսով վարձատրվում է տվյալ դեղամիջոցը ներկրող  ընկերության կողմից:
Ի դեպ, ցածր աշխատավարձ ստացող բժիշկների համար սա ռեալ եկամտի աղբյուր է, ինչից  էլ կարելի է հետևություն անել:
168.am-ն այս թեմայով զրուցեց նաև բժշկական հիմնարկության մի ներկայացուցչի հետ, ով չցանկացավ ներկայանալ.
«Օրինակ, Էջմիածին քաղաքում, կոնկրետ բժիշկների անունով բացվել են հաշվեհամարներ և իրենց ատկատները այդպես էլ փոխանցվում են: Բացի ատկատներից , մենք ուշադրություն ենք դարձնում մեր գործընկերային հարաբերություններին: Պարբերաբար նվերներ, տոներին՝ հատուկ ուշադրության արժանացնելը ընկերության ներկայացուցիչների պարտականությունների մեջ է մտնում: Օրինակ, ես շատ լավ գիտեմ այս կամ այն բժշկի անգամ գունային ճաշակը: Հաճախ բժիշկներն իրենք են ասում, թե ի՞նչ կցանկանային նվեր ստանալ: Հիվանդանոցային  իրերից մինչև անձնական իրեր կարող են դրանք լինել»,-ասում է մեր զրուցակիցը:

Դեղատան աշխատակիցներին այդչափ ուշադրության չեն արժանացնում, քանի որ դեղատունը մինչը  20% շահույթ է ունենում տվյալ դեղի վաճառքից, սակայն դեղատների ախորժակը նույնպես կարող է մեծ լինել և մինչ 20% -ի փոխարեն դեղատունն անգամ  30% և ավելի  շահույթ կարող է գանձել: Դեղատների համար գործում են հատուկ ակցիաներ. օրինակ, եթե ամսվա մեջ, առանց դեղատոմսի վաճառվի 5 (թիվը պայմանական է ) տուփ տեղամիջոց, ապա 6-րդը կստանան անվճար (կամ ցանկացած այլ նվեր):
Այս աշխատելաոճն, անշուշտ, ոչ բոլոր ներմուծող ընկերություններում, հիվանդանոցներում  կամ դեղատներում է կիրառվում, բայց հիմնական պատկերն այսպիսին է:
Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս