Պուտինն ու Ասադն Օբամային տանում են դեպի փակուղի. Մաքքեյն
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ազդեցիկ սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեհեմը քննադատել են նախորդ շաբաթվա վերջին Սիրիայի շուրջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
ԱՄՆ կոնգրեսի վերին պալատի անդամներն այդ համաձայնությունը, որը նախատեսում է վերջին հաշվով Դամասկոսի վարչակարգի կողմից քիմիական զենքից հրաժարում, որակել են որպես «դեպի փակուղի տանող ճանապարհի սկիզբ», ուր «Օբամայի վարչակազմին տանում են Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը»:
Այս մասին նշված է նրանց տարածած մամլո հաղորդագրությունում: Մաքքեյնն արդեն վաղուց հանդես է գալիս ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ապստամբներին ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերելու օգտին և հանդիսանում է Ռուսաստանի նախագահի ամենահետևողական քննադատներից մեկը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 14-ին համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման խնդիրը, ինչը պետք է իրականացվի մինչև 2014 թվականի կեսերը: