«Անկախության առաջին տարիներին երազանք ունեինք: Հիմա չկա ոգևորվածություն, երազանք. սա մեր ամենամեծ կորուստն է»

168.am-ի զրուցակիցը գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն է

– Պարոն Մարտիրոսյան, այսօր Հայաստանում մի քանի լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Զուգահեռաբար մի քանի բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնց նպատակները տարբեր են, բայց հիմնական գաղափարը նույնն է՝ պայքար ներկայիս կառավարության դեմ: Եթե փորձենք դրսի հայացքով նայել, ապա ի՞նչ կտեսնենք, ինչպիսի՞ իրավիճակ է մեր երկրում տիրում:

– Դժվար է դրսից հայացք գցել, որովհետև ես հիմա ներսում եմ, բայց դրսից որոշ բաներ, իսկապես, ուրիշ կերպ են երևում: Վեց տարի առաջ, երբ երկրից համեմատաբար երկար դուրս գնացի, Հայաստանում շատ բուռն քննարկում էին Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր այցը: «Եկան Երևան, բայց չգնացին Ստեփանակերտ», «սկզբից Բաքու գնացին, հետո նոր Երևան»… էդ գնալ-գալը լուրջ վերլուծությունների հիմք էր դառնում: Իսկ դրսից նայելիս երևում էր, որ էդ բոլորն ուղղակի ծամոն են, որով զբաղեցնում են Հայաստանին ու Ադրբեջանին:

Վերջերս մի ուկրաինացի լրագրող հոդված էր գրել, որ Ռուսաստանը ստիպեց Հայաստանին հրահրիչ ոչխարի դեր կատարել: Լրագրողը իրավիճակը համեմատել էր սոված մի ոչխարի հետ, որին սպանդի օրը բաց են թողնում, ու նա վազելով գնում է դեպի սպանդանոց: Մյուս ոչխարները հետևում են իրեն: Այսինքն, մեր միջոցով Ուկրաինային, Մոլդովային էլ են ուզում քշել Մաքսային Միություն: Էս առակը դրսի հայացք էր, և ինչքան էլ մեզ համար վիրավորական լինի, ես հետը համաձայն եմ:

– Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ Հայաստանը վազելով դեպի ո՞ւր կգնա, արդյոք միանա՞ Մաքսային միությանը, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ Միությանն ինտեգրվելը ոչ մի հեռանկար չունի: «Բլումբերգ Գլոբալ Պոլ» հեղինակավոր կազմակերպությունը հենց էս օրերին հայտարարեց, որ Ռուսաստանը վատագույն շուկաների ցանկում է հայտնվել, էդ երկրում վաճառվող ապրանքների համարյա կեսը կեղծված են… Ես ինքս ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չանդամակցի Մաքսային Միությանը: Եթե Սերժ Սարգսյանը կողմ է, որ մեր երկիրն անդամակցի, ուրեմն ես էլ կողմ եմ իր հրաժարականին: Սերժ Սարգսյանը մի հոգի է, իսկ Հայաստանը երկիր է, որին փտող մի պետության պոչից կապելը բերելու է կործանման:

– Դա Ձեր այլընտրանքն է, բայց այս դեպքում իշխանության վրա համախմբված ճնշում պետք է գործադրվի …

– Ճիշտ է՝ դա իմ այլընտրանք է, բայց ես հույս ունեմ, որ ներկայացնում եմ մտավորականության մի թևը: Ցավոք սրտի, կուսակցությունները մեծ մասամբ բերանները ջուր են առել ու նստել: Շատ հավանական է, որ նրանք Ս. Սարգսյանին զուգահեռ փորձել են Ռուսաստանի հետ լեզու գտնել: Հոդվածներիցս մեկում գրել եմ, որ Ս. Սարգսյանը հասավ այն բանին, որ Հայաստանի քաղաքական դաշտը «հաճախորդացվեց»: Շատ հավանական է, որ էդ նույն ուժերը հաճախորդացվել են առ Մոսկվա: Էդ իմաստով՝ փակուղային վիճակում ենք: Ներուժ ունեցող և իրենց ընդդիմադիր լինելու հետ կապված կասկածներ չթողած քաղաքական ուժերն էսօր ընդվզման նշաններ չեն ցուցաբերում: Բայց ես իրականության դեմ բողոքելու սովորություն չունեմ: Պետք է ելք փնտրել էս վիճակից: Կարող փոքր քայլ անել կամ միգուցե սկսել գործընթաց, որի դրական ավարտը դեռևս չի ուրվագծվում: Դա չի նշանակում, որ պետք է հիասթափվել և չնախաձեռնել: Ուժերը, որոնք կարող են ընդվզման մեծ ալիք առաջացնել, կարող են ժամանակի ընթացքում ձևավորվել:

– Մենք այսօր մարդկանց քանակի պակաս ունե՞նք:

– Միշտ էլ կա պակաս, միշտ էլ ունեցել ենք: Նույնիսկ 1988 թվականին: Երբ շարժումը սկսվեց, ես Բուդապեշտում հունգարական լեզու և գրականություն էի ուսումնասիրում: Առաջին մղումս ամեն ինչ թողնելն ու վերադառնալն էր: Հետո մտածեցի, որ էդ բոլորի վերջը կարող է մեր երկրի անկախությունը լինի, և կարող է մեկի կարիքն առաջանա, ով հունգարերեն կիմանա: Էդպես մնացի մինչև ծրագիրն ավարտվեց: Երբ վերադարձա, տեսա, որ շարժման առաջնորդների մեծ մասն իմ ընկերներն են: Շատերն ասացին, որ իմ պակասը զգացվում էր: Երբ որ հրապարակում մի միլիոն մարդ էր ցույց անում:

Ավելի վատ է հիմա, երբ ընտրությունից ընտրություն իշխանության ռեսուրսներն ավելանում են, ընդդիմության և անկախ քաղաքացիների շարքերը նվազում,  արտագաղթի պատճառով մարդկանց քանակն իջնում: Բայց սա է իրավիճակը, պետք է  ընդունել որպես իրողություն և քայլերն էլ ըստ դրա ձեռնարկել:

– Վերջերս մի արտահայտություն եմ հաճախ լսում, ասում են՝ «վերջը Հայաստանն առանց հայի է մնալու»: Ի՞նչ եք կարծում այդ առումով:

– Կարծում եմ, որ շատ վտանգավոր վիճակ է: Իշխանափոխություն է պետք, պետք է գան մարդիկ, որոնց խոսքի և գործի միջև տարբերություններ չեն լինի, մարդիկ, որ կապրեն նույն կյանքով, ինչ ժողովրդի մեծամասնությունը: Երբ էսպիսի մարդկանց իշխանություն լինի, Հայաստանը դուրս կգա անհուսալի վիճակից:

– Դուք ելքը իշխանափոխությա՞ն միջոցով եք տեսնում: Աթոռ զիջելն այնքան էլ հեշտ չէ…

– Նշանակություն չունի, իրենք ինչքան անհասկանալի ձևով իշխանություն դարձան, էլ ավելի անհասկանալի ձևով մի օր կզրկվեն դրանից: Չեն հասցնի «ապահով Հայաստան» բացականչեն: Առաջ «պոռալով» հետ-հետ գնացողները չեն կարող անվերջ աթոռին մնալ:

– Տարիներ շարունակ ապրելով արտերկրում՝  հիմա Հայաստանում չե՞ն լինում պահեր, երբ «շնչահեղձ» եք լինում:

– Սովետական ճահճի հոտը Սերժ Սարգսյանի իշխանությանը շատ բնորոշ է, բայց ես նույնիսկ ինքս ինձ թույլ չեմ տալիս ասել, որ «շնչահեղձ» եմ լինում: Մի օր հոդված կգրեմ, մյուս օրը ակցիայի կմասնակցեմ և նեղված վիճակից դուրս կգամ: Միշտ կան ինչ-որ քայլեր, որոնք կարող են հավասարակշռել մարդու բացասական էմոցիաները: Ամեն «շնչահեղձ» մեկը իր շուրջն էլ է ամայացնում, դա վարակիչ է:

– Պարոն Մարտիրոսյան, Գրողների միության նախագահի՝ Լևոն Անանյանի, վաղաժամ մահից հետո ո՞ւմ եք տեսնում միության նախագահի պաշտոնում:

– Ես գրողների միության անդամ չեմ, որպեսզի ոչ մեկին նախագահի թեկնածու չտեսնեմ: Որպես կառույց, ՀԳՄ-ն իր գործունեությամբ իմ պատկերացրած գրական կազմակերպության հետ 5%-ով է համընկնում: Միության մեջ, իհարկե, կան տաղանդավոր մարդիկ, մյուսներին էլ ջղայնացած ժամանակ ասում եմ՝ «Գրողների միության գրողներ», բայց ես երբևէ Գրողների միության նախագահի պաշտոնի հավակնորդի որևէ ծրագրային ելույթ չեմ լսել: Կարծում եմ՝ Լևոն Անանյանի ընտրությունը 2000-ականների սկզբին ճիշտ էր, մյուս թեկնածուների հաղթանակի դեպքում կարող էր խմբակային տևական գզվռտոց առաջանալ: Հետագան էս պահին չեմ մեկնաբանի՝ ցավում եմ մահվան առթիվ ու ցավակցում հարազատներին:

– Օրեր անց նշելու ենք Անկախության տոնը: Ըստ Ձեզ՝ այս շրջանում ո՞րն է եղել մեր ամենամեծ ձեռքբերումը և կորուստը:

– Ամենամեծ ձեռքբերումը Ձեր սերունդն է: Շատերը դժգոհում են նոր սերունդից, բայց Ձեր մեջ անկախ մտածող, ազնիվ, արդարությանը հավատացող և պայքարելու պատրաստ մարդիկ անգամներով ավելի շատ են, քան նախորդ մի քանի սերնդի մեջ: Եթե գործող իշխանությունը մարդկանց էս հատկանիշների վրա հիմնվեր, մեր երկիրը կծաղկեր: Բայց իրենք իրենց նմաններին են ընտրում՝ անընդհատ առաջին պլան մղելով կաշառակերներին, ճարպիկներին, թաղային և ոչ թաղային խուժաններին, և իմ ասած անկախ, հրաշալի երիտասարդությունը մնում է փողոցում, լուսանցքում:

Ինչ վերաբերում է կորստին, դա ապագայով ոգևորվածության կորուստն է: Անկախության առաջին տարիներին ասում էինք, որ շուտով պատերազմը կավարտի, էսպիսի կամ էնպիսի երկիր կունենանք: Երազանք ունեինք: Հիմա չկա ոգևորվածություն, երազանք. սա մեր ամենամեծ կորուստն է:

Տեսանյութեր

Լրահոս