«Դուք չեք պատկերացնում, թե որքան երջանիկ եք»

Զրույց միջազգայնագետ Լևոն Ղազարյանի հետ

– Լևո՛ն, թեև հայտնել եք, որ ներքաղաքական իրադարձությունները Ձեր հետաքրքրությունների թիրախում չեն, այդուհանդերձ, Հայաստանի նախագահը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը (ՄՄ): Հիմնավորումը սա է` միայն Ռուսաստանի հետ անվտանգության ընդհանուր համակարգի մեջ լինելով է հնարավոր ապահովել Հայաստանի անվտանգությունը: 

– Անվտանգությունը վտանգին ներքուստ պատրաստ լինելն է: ՄՄ-ին անդամակցելու որոշումը, կարծում եմ, շատ հստակ է, որովհետև ընդգծում է աշխարհընկալման ամբողջացումը: Այս քայլը նշանակում է, որ չի կարելի տարանջատել ռազմական բնագավառը և տնտեսականը: Հակառակը խելահեղ պատկերացում է, որը այժմ տարածված է, սակայն տնտեսությունն` առանց ռազմական գերազանցության, չի կարող կայանալ: ԱՄՆ-ի աշխարհակալ տնտեսությունը կչքանա, եթե անհետանան շուրջ 15 ամերիկյան ավիակիրները կամ ռազմական տիեզերական համակարգերը: Այդպիսով` կարծում եմ, որ ՄՄ-ին անդամակցելու նշանակությունը շատ ավելի խորն է և հեռահար, քան սոսկ անվտանգության հարցերի լուծումը: Դա բանական գործելակերպի՝ օդի պես անհրաժեշտ, հավաստումն է շիզոիդալ նկրտումներով այլայլված աշխարհում։

– Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բացի դա` Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՌԴ-ն Հայաստանն ընկալում է որպես իր ֆորպոստը: Այսինքն` անվտանգության ընդհանուր համակարգը, ՀՀ իշխանությունների խոնարհության անթիվ ապացույցները ենթադրում են ռազմական համագործակցություն` հնարավոր վտանգի դեպքում: Բայց ինչո՞ւ դրան հակադրել եվրաինտեգրումը: 

Կարդացեք նաև

Levon-2– Չի կարելի խզել այդ տրամաբանական կապը` ռազմական անվտանգությունը ակնկալել Ռուսաստանից, իսկ տնտեսական հաջողությունների հավակնել Արևմուտքում: Դրանք համակարգեր են, և Հայաստանը չի կարող պարզապես խնդրել կամ մուրալ անվտանգություն. պետք է գործել, առաջարկել աշխարհին ուրույն մարտահրավերներ:

Հայաստանը գործել է` հայտարարելով, թե պատրաստ է անդամակցել ՄՄ-ին, և հանկարծակիի բերելով իր եվրոպական արտոնագրված դաստիարակներին, որոնք փորձում են կասեցնել ազատագրված տարածքների յուրացումը և հայկական ատոմակայանի աշխատանքը: Հայաստանը գործել է և ստացել Ղարաբաղը` Ռուսաստանի օժանդակությամբ. Ռուսաստանը թույլ չէր տալիս, որ Թուրքիան միջամտի այդ պատերազմին, և մեզ տրամադրում էր զենք (այլ բաների մասին չեմ խոսում): Ղարաբաղը ՌԴ-ի հետ համագործակցության արդյունք է, և այդ համագործակցությունը պետք է շարունակել: Դրանում է հայկական ձեռնարկությունների զարգացման գրավականը, մեկնարկելով, բնականաբար, ռազմաարդյունաբերության ոլորտից։

– Գուցե ինչ-որ բան այնպես չե՞ք ասում . հայերը գիտակցված մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին, արյուն են թափել և հաղթել են: 

– Մենք կռվել ենք: Ի դեպ, ամենևին չի բացառվում, որ Ղարաբաղը մեզ կտային, եթե մենք նույնիսկ չկռվեինք` ելնելով աշխարհաքաղաքական նկատառումներից: Բայց Հայաստանը ամրագրել է իր նշանակությունը համաշխարհային քաղաքականության մեջ, որովհետև մարդիկ իրականում անձնազոհաբար կռվել են, գնացել են դրան` գիտակցաբար, այլ ոչ թե մանիպուլյացիայի արդյունքում ներքաշվել են խաղի մեջ` իբրև կամակատար: Որքան էլ արտաքին ազդեցությունը շատ չլիներ, սեփական իմաստն են հաղորդել Ղարաբաղյան պատերազմին, ինչի շնորհիվ Հայաստանն ստանձնում է առանձնահատուկ դիրք:

Արվեստի մարդիկ դա անմիջականորեն զգում են։ Ինչպես ասել է «Չինական սպասք» ֆիլմի սցենարի հեղինակը, ելույթ ունենալով «Մոսկվա» կինոթատրոնում. «Դուք չեք պատկերացնում, թե որքան երջանիկ եք»։ Այսօր կարելի է նկատել, որ Հայաստանը աշխարհի հազվագյուտ անկախ պետություններից մեկն է, որովհետև անկախությունը նշանակում է, որ դու կարող ես իրագործել ինչ-որ նպատակ` որդեգրելով քաղաքական ուղեգիծ: Հայերն ասացին` «Ղարաբաղը մերն է», ու կարողացան դրան հասնել: Այդ ընթացքում հայերը գործել են Ռուսաստանի հետ միասին: Կարելի է հարցնել` ինչի՞ հիման վրա են անդրազգային ինչ-ինչ ուժեր փորձում ընդհատել այդ շարունակականությունը:

– Անդրազգային ուժեր, համաշխարհային կառավարություն: Թվում ` խոսքը միստիկ կառույցի մասին է` անմահության երաշխիք ունեցող, գերբնական մարդկանցով: Չե՞ք կարծում, որ առասպելն ու իրականությունը սերտաճել են:

– Այդպես է դասավորվել, ի՞նչ արած: Աշխարհի տիրակալները ցանկանում են պարփակվել, մնալ անհայտ, չնայած կուտակել են ահռելի տեխնիկական հզորություն: Դա խոսում է նրանց թուլության, խարդավանքային մտայնության մասին: Քաղաքագետի համար խնդիրը չի փոխվում` նկարագրել, թե քաղաքական ինչ մոդելով է շարժվում նրանց գործողությունը:

– Պատերազմը, խոշոր հաշվով, ավանտյուրա է, որն ընդհատում է զարգացման բնականոն ընթացքը, մարդկանց կյանք խլում: Սիրիական ճգնաժամը ստիպեց խոսել Երրորդ համաշխարհայինի հնարավորության մասին: Դուք այն հավանական համարո՞ւմ եք:

– Հերակլիտեսի խոսքը մեջբերեմ. «Պատերազմը ամեն ինչի հայրն է և ամեն ինչի արքան»: Դա ստեղծագործություն է, կենսապայմանների անձնուրաց և արարչական վերապրում: Եվ այդ իմաստով տարբեր դրսևորումներ կարող է ունենալ: Մատենադարանը և Հայաստանի Գիտությունների ակադեմիան ստեղծվել են հենց Մեծ հայրենական պատերազմի տարիներին։ Պացիֆիստական խաղաղասիրությունը վտանգավոր պատրանք է: Պարզապես պատերազմը պետք է լինի բաց և հայտնի լինի` հանուն ինչի՞ է վարվում: Այսօրվա իրավիճակները ոչ այնքան պատերազմական են, որքան նշանակված են քողարկել պատերազմից խուսափելու ցանկությունը և խառնաշփոթ հրամցնել: Բայց Երրորդ աշխարհամարտի խնդիր, կարծում եմ, այս պահին չի նկատվում:

– Ձեր ասածից կարո՞ղ եմ եզրակացնել, որ աշխարհում քաղաքակրթությունների պատերազմ է. աշխարհը ճգնաժամի մեջ է, և ստևծված քաոսը ուղղորդվում է: Ամեն քաոսից հետո գալիս է ստեղծագործական մտքի զարթոնքի շրջան: Եթե չասենք, որ Ձեր բերած ցիտատում պատերազմն ինքնին ստեղծագործություն է:

– Կարծում եմ` սա ստեղծագործական քաոս չէ և ոչ էլ անգամ բազմիցս շահարկված «կառավարվող քաոս», այլ արդեն վերածվում է քաոտիկ կառավարման: Արևմտյան քաղաքակրթությունն անցնում է բռնակալության ամենաբարձր ձևին. փորձում է իրականությանը պարտադրել ցանկացած գործողություն` որքան էլ այն անմիտ լինի: Ոչ թե դեպի վեր է շարժումը, այլ վար: Օրինակ` այդ մոդելով Արևմուտքը կարող է հանդուրժել Ասադի իշխանությունը Սիրիայում. մնա իր աթոռին նստած նախագահ, և այդուհանդերձ ցանկացած պահի իրականացվի ցանկացած ռազմական հարված երկրին: Դա կախված է` որքանով է Բաշար Ասադը խարիզմատիկ անձ: Եթե նա նույնքան խարիզմատիկ է, որքան Քադաֆին, նրան ամեն կերպ կփորձեն վերացնել: Եթե ոչ, քաոտիկ կառավարումը կարող է իրագործվել նաև վերոնշյալ տարբերակում:

– Դուք, որքան հասկանում եմ, հակադրում եք Արևմուտքն ու Ռուսաստանը` ակնհայտ` հօգուտ Ռուսաստանի:

– Ռուսաստանը վերջին տարվա ընթացքում քայլեր է արել, որոնք ձերբազատում են իրեն արևմտյան քաղաքակրթության ամենազարհուրելի արատներից` համասեռամոլության քարոզչության արգելման մասին է խոսքը: Սադիստական ոտնձգությունները և պղծումները, հատկապես՝ ուղղված երեխայի դեմ, երեխաների այլասերումը արևմտյան քաղաքակրթության գաղափարախոսության հետևանք են: Դա ոչ թե առանձին սրիկաների սանձազերծության պատահական համընկում է, այլ նպատակային և համատարած ֆինանսավորվող աշխատանք:

– Պատերազմի մասին ասացիք, որ այն լավ է, երբ բաց հայտարարվում է: Արևմտյան արժեքներով` մարդու ազատությունը, նրա իրավունքը` լինել համասեռամոլ, պետք է հարգվի : Ընդունում եք դա թե ոչ` այդ մասին բարձրաձայնվել է, Դուք գիտեք այդ մասին և կարող եք գործել` ըստ այդմ: Եթե զրույցը բարեպաշտական հարթություն ենք տեղափոխում, Ռուսաստանը օրենքով արգելում է համասեռամոլության քարոզը, սակայն Ռուսաստանում թե՛ երեխաների այլասերումը, թե՛ այլասերումը` առհասարակ, չի զիջում Եվրոպային, Արևմուտքին: Եթե չասենք հակառակը: 

– Այդ միտումները կան ամբողջ աշխարհում: Պետք է գիտակցել, որ մարդու իրավունքների հայեցակարգը որևէ բարոյական սկզբունք չի ենթադրում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու անգամ պաշտոնապես գրավոր հայտարարել է, որ չի կարելի շփոթել մարդու իրավունքները բարոյական սկզբունքների հետ: Այսինքն` մարդու իրավունքները` հրապուրելով մարդկանց ապահով կյանքի արտաքուստ խոստումով, իրականում միտված են սադիստական բռնությունների ծավալմանը: Բռնությունը, այլասերությունը արևմտյան արժեհամակարգի քաղաքական ծրագիրն է, որը ամեն գնով առաջ է տարվելու: Դրանից հեռավորվելը շրջադարձային քայլ է Ռուսաստանի համար:

– Հայաստանի քաղաքականությունը` թե՛ արտաքին, թե՛ ներքին, չի ապահովում պետության զարգացումը: Մեզ համար գերակա խնդիր է ֆիզիկական անվտանգության երաշխիքը` հանուն որի արդարացնում ենք մեր երկրի սուվերենության զիջումը: 21-րդ դարում լինելու հայտն արդե՞ն մեծ քայլ է, թե՞ առանց զարգացման` գոյությունը դառնում է ինքնանպատակ:

– Ֆիզիկական ներկայությունը հասու է և կենդանիներին, և իրերին: Մարդը շարժվում է իմաստներով, և հայերը պատմության մեջ կարևոր դեր են ունեցել: Օրինակ` բոլորին հայտնի է, որ Մեծ Բրիտանիան զավթել է Հնդկաստանը, բայց քչերին է հայտնի, որ Մեծ Բրիտանիան Հնդկաստանը խլել է, փաստորեն, հայերից. լինելով առևտրային աշխարհաքաղաքականության կրող, այն բախվել է հայ վաճառականների հետ, որոնց նա ասպարեզից դուրս մղեց ծովահենության միջոցով: Անգլիացիները զուտ ռազմական առումով Հնդկաստանը հեշտ ու հանգիստ ենթարկեցրել են, համեմատաբար չնչին ուժերով, սակայն լուրջ ընդհարումը եղել է հայերի հետ:

– Կա՞ն այդ մասին վկայող գիտական աղբյուրներ: 

– Կան, այդ մասին պարբերաբար գրվում է, պարզապես տրամադրություններն այնպիսին են, որ ավելի հարմար է չնկատել: Առաջին համաշխարհայինի ժամանակ, ըստ պատմական տվյալների, երեք վճռորոշ իրադարձություններում, ճակատամարտերում հայերի մասնակցությունը զգալի է եղել: Այնպես որ, հայերը միայն իրենց ֆիզիկական գոյությունը պաշտպանելու նպատակով չեն մնացել այս աշխարհում, անգամ արյունահեղձ եղած ջարդից հետո: Հայերն այնքան ավանդ ու ձեռքբերումներ ունեն, որ կարող են հանգիստ խոսել ցանկացած քաղաքակրթության ներկայացուցչի հետ` առանց բարդույթների: Այդ բարդույթները հորինված են: Նայեք` Վիկտոր Համբարձումյանը կարողացել է ներկայացնել աստղագիտական մի տեսություն, որը հերքել է, այսպես ասած, պաշտոնական ֆիզիկան, որը դասավանդվել է դպրոցներում և բուհերում: Այդ իմաստով նա կարծես վերարտադրել է սուրբ Վարդան Մամիկոնյանի պատմական մոդելը: Ըստ այդմ` մի քանի հոգի կարող են ըմբոստանալ թյուրիմացության դեմ: Այսօր միայնակը վաղը հաղթող է։

Իսկ քաղաքականության ծիրում կարևոր է, որ Հայաստանի Անկախության հռչակագրի կոնցեպտուալ դրույթները համահունչ են Վիկտոր Համբարձումյանի աստղագիտական տեսությանը, և Հայաստանը նորից այն բացառիկ ետխորհրդային երկրներից է, եթե ոչ բացառիկը, որի անկախացումը ունեցել է փիլիսոփայական հենք: Այսինքն` փաստաթուղթը անկախացումը նկարագրում է որպես ընթացք և հետզհետե ազատագրում, այլ ոչ թե որպես ձևական և, գուցե, սնապարտ հռչակում: Ինչը կարելի է հիմք համարել` Հայաստանի հաջորդական կառավարություններից հաշվետվություն պահանջելու համար` որ չափով են կարողացել ավելացնել անկախությունը: Անկախությունը տվյալ պահին կարող է լինել չափազանց քիչ, սակայն հարցը սա է` կարո՞ղ ես ընդարձակել այդ անկախությունը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս