«.am»-ից բացի` հնարավոր է նոր` «.հայ» մեսրոպատառ դոմեն ունենանք
Առաջիկայում մենք հնարավոր է «.am» դոմենից բացի` ունենանք նաև «.հայ» մեսրոպատառ դոմենը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` նշելով, որ առաջիկայում իրենց հ/կ-ն պատրաստվում է դիմել ICANN միջազգային կազմակերպությանը` մեսրոպատառ դոմեն գրանցելու համար:
«Սակայն մինչ դիմելը, իհարկե մենք այս ամենի մասին բոլոր հնարավոր միջոցներով կիրազեկենք հանրությանը և տարբեր շահագրգիռ կառույցներին` լսելու հանար նրանց կարծիքը»,- ասաց Գրիգոր Սաղյանը:
Նրա խոսքով` մի կողմից «.հայ»-ը շատ գեղեցիկ մեսրոպատառ դոմեն է, սակայն մյուս կողմից` վտանգ կա, որ դրա պատճառով աշխարհը մեզ չի տեսնի, որովհետև մեսրոպատառ ստեղնաշարը շատերի մոտ ակտիվացված չէ:
Հարցին, թե ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ մեսրոպատառ դոմեն, Գ. Սաղյանը պատասխանեց. «Այդ ամենը պարզ կլինի քննարկումների ժամանակ: Սա համաշխարհային գործընթաց է, շատ երկրներ ստեղծում են իրենց այբուբենով դոմենը, մենք կարող ենք կամ ներգրավվել այս ամենում կամ` չներգրավվել»,- ասաց նա` նշելով, որ շատ երկրներ արդեն ունեն սեփական նմանատիպ դոմեններ, օրինակ` Ռուսաստանում կիրառվում է «.рф» դոմենը։
Իսկ անհրաժե՞շտ է արդյոք ունենալ «.հայ» դոմենը, թե՞ ոչ, ըստ Գ. Սաղյանի` այս մասին հասարակական կարծիքները կամփոփեն մինչև նոյեմբեր: