Սաակաշվիլին կառավարությանն արգելել է վաճառել ֆրանսիական արտադրության Super Puma ուղղաթիռները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաման է ստորագրել պետության սեփականություն հանդիսացող ֆրանսիական արտադրության երկու ուղղաթիռների վաճառքն արգելելու մասին: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը.
«Վրաստանը լեռնային երկիր է, ինչի համար էլ նրա համար կենսական կարևորություն ունի ուղղաթիռներ ունենալը՝ ինչպես ռազմական, այնպես էլ փրկարարական գործողություններ վարելու համար: Նախագահ Սարկոզիի օգնությամբ մեզ փոխանցվեց Super Puma տիպի 4 ուղղաթիռ, սակայն բարդ ընթացակարգերի պատճառով հաջողվեց տեղ հասցնել դրանցից երկուսը:
Բնականաբար, նոր կառավարությունը կարող էր ջանքեր գործադրել մյուս երկուսը բերելու ուղղությամբ, սակայն նրանք որոշել են մասնավոր անձանց հանձնել արդեն իսկ բերված ուղղաթիռները, ինչը մենք ճիշտ չենք համարում»:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հերքել է Սաակաշվիլիի այն հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են վաճառել այդ ուղղաթիռները: