Արամ Հարությունյանն՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի. Ձկնաբուծարանների համար ջրի վարձը կթանկացվի
ՀՀ կառավարությունը գտել է Արարատյան դաշտի ստորերկրյա` արտեզյան ջրերի սպառման խնդիրը լուծելու ուղին: Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կներկայացնի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք կոչված են կանխելու ջրավազանում գրեթե չկանոնակարգված ջրօգտագործումը:
Ընտրված լուծումը շատ պարզ է՝ կբարձրացվի բնօգտագործման վճարների չափը: Գործող օրենքով ջրօգտագործման ամբողջ ծավալի փոխարեն բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրված է օգտագործված ջրի ծավալի միայն 5 %-ը: Օրենքի ներկայացվող նախագծով Արարատի և Արմավիրի մարզերում բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրվող խնդրո առարկա հաշվարկային ծավալը բարձրացվել և սահմանվել է արդյունահանված ստորերկրյա ջրերի պաշարի ընդհանուր ծավալի 50 %-ի չափով, իսկ ջրօգտագործման թույլտվություն չունենալու դեպքում սահմանված բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերը բարձրացվել են` եռապատիկ դրույքաչափի փոխարեն Արարատի և Արմավիրի մարզերում կգանձվի տասնապատիկը, ՀՀ մյուս տարածքներում՝ հնգապատիկը:
Արարատյան դաշտում ամենախոշորը, թերևս, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձկնաբուծարանն է, որտեղ մոտ 8 հեկտար տարածքի վրա կառուցված են ընդհանուր առմամբ շուրջ 2 հեկտար լճեր: Դրանց համար ջուր մատակարարում են մոտ 10 խորքային հորերերը, որոնք 1 վարկյանում երկրի մակերես են դուրս բերում գրեթե 1000 լիտր ջուր:
Եթե այս օրենքի ուժը ապագայում տարածվի նաև Սամվել Ալեքսանյանի վրա, ապա նրա ձկնաբուծական տնտեսության շահույթը զգալիորեն կկրճատվի: