Երեկոյան ժամերին Բաղդադում գրանցվել է 11 պայթյուն. կա 67 զոհ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Բաղդադի տարբեր հատվածներում հնչել են մի շարք կոորդինացված պայթյուններ: Պայթյունները համընկել են այն բանի հետ, երբ մարդիկ գնալիս են եղել գնումների կամ էլ ընթրելիս են եղել ռեստորաններում ու սրճարաններում:
Երկու ժամից էլ պակաս ժամկետում Բաղդադում գրանցվել է 11 պայթյուն: Պայթյունների հետևանքով զոհերի քանակն արդեն իսկ հասել է 67-ի: Կա ավելի քան հարյուր վիրավոր: Բացի այդ, Բաղդադում սուննիներն իրականացրել են մի շարք զինված հարձակումներ:
2013 թվականին Իրաքում գրանցված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 5000 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն օգոստոսին Իրաքում զոհվել է 807 մարդ, որից 317-ը բաժին է ընկել Բաղդադին: Հուլիսին էլ, դարձյալ ՄԱԿ-ի տվյալներով, Իրաքում զոհվել է 1057 մարդ: