Լոռիում շարունակվում է կենդանիների անկումը. Վարկածները տարբեր են
Արդեն տևական ժամանակ է՝ ինչ Լոռու մարզի մի շարք համայնքներում անասնագլխաքանակի անկում է նկատվում: Մասնավորապես՝ խոզերը սկզբում սկսեցին սատկել մարզի Թումանյանի տարածաշրջանի Հավի, Աքորի, Շամլուղ համայնքներում, այնուհետ՝ անկումներ նկատվեցին Եղեգնուտ և Լորուտ համայնքներում: Հիմա էլ անկման դեպքեր են գրանցվում Գուգարքի տարածաշրջանի Վահագնի համայնքում: Անկումներ գրանցվում են ոչ միայն խոզերի մոտ: Մարզի Կուրթան համայնքում կովերի անկում է նկատվում, որի պատճառն, ըստ գյուղացիների` տարածքում գործող ՀԷԿ-ն է, որն էլ սահմանվածից քիչ ջուր է թողնում գյուղացիներին, ինչի պատճառով անասունները խմում են վարակված ջուրն ու թունավորվում: Նշված խնդիրներին 168.am-ը բազմիցս է անդրադարձել:
Հատկանշական է, որ անասունների անկումները նշված համայնքներում շարունակվում են մինչ օրս, իսկ անկված կենդանիներից վերցված անալիզների պատասխաններ տարբեր հիվանդությունների եզրակացություններ ունեն: Մի դեպքում՝ պաստերիլիոզ, մյուս դեպքում` տզային հիվանդություն, մեկ այլ դեպքում` պարզապես թունավորում: Նշված համայնքների բնակիչները պնդում են, որ խոզերի անկման պատճառը Վրաստանի Հանրապետությունից ներկրված «ժան» կերն է, ինչի պատճառով էլ խոզերը թունավորվում են ու սատկում: Այստեղ, սակայն, մեկ այլ խնդիր ևս կա. գյուղացիները, իմանալով հարևանների հիվանդ անասունների մասին, շտապում են մորթել իրենց կենդնանիներին ու միսն անարգել իրացնում են շուկայում ու… որտեղ պատահի:
Փաստաթղթային առումով ևս խնդիրներ որպես այդպիսին չկան, քանի որ միսը շուկայում վաճառելու թույլտվություն տալիս է նախ՝ գյուղապետը, որ տվյալ կենդանին տվյալ բնակչինն է, այնուհետ նաև` տեղի անասնաբույժը, ով, ինչպես հայտնի է, շատ դեպքերում գյուղի բնակիչ է և հետևաբար՝ այստեղ էլ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ սովորույթը:
Բոլոր համայնքներում էլ թե բնակիչները և թե գյուղացիները պնդում են, որ մորթը գյուղում ակտիվացել է: Թե ինչո՞ւ են սկսել հիմա մորթել խոզերին, երբ սովորաբար գյուղացին մորթը կատարում է Ամանորի շեմին, դժվար չէ կռահել, մինչդեռ գյուղացիներն էլ իրենցն են պնդում. «Վարկեր ունեմ, սեպտեմբերի 1 է գալիս…»,- ասում են նրանք՝ վստահեցնելով, թե հիվանդ անասունի միսը չեն վաճառում:
Ի դեպ, գյուղացիներից ոմանք պնդում են, որ մարզում և հատկապես Թումանյանի տարածաշրջանում կրկին գլուխ է բարձրանում խոզերի Աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը, որը, սակայն, մասնագետները չեն հաստատում: Թե իրականում ո՞րն է կենդանիների անկման պատճառը՝ դժվար է ասել, սակայն եթե հավատանք գյուղացիների այն պնդումներին, որ պատճառը Վրաստանից ներկրված կերերն են, ապա խնդրով մտահոգ կառույցները անելիքներ ունեն: