Ըստ Դավիթ Հարությունյանի` սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա
Օգոստոսի 24-ին «168 Ժամը» հրապարակել էր մի հոդված, ըստ որի` գործող իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների: Ըստ իշխանության շրջանակներում առկա լավատեղյակ աղբյուրների` այդ նպատակով կստեղծվի սահմանադրական հանձնաժողով, և 2014 թ. կանցկացվի սահմանադրական հանրաքվե` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու նպատակով:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ,Դավիթ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով այս տեղեկության մասին, կարծիք հայտնեց, որ նման հարցերը չեն քննարկվում «հընթացս և համատեքստից կտրված», և կառավարման համակարգի ներկայիս` կիսանախագահական ձևը վերացնելու և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցադրում այսօր չկա:
«Կա քննարկում, թե որքանով է այսօրվա համակարգը համապատասխանում արդի պահանջներին, և միայն քննարկման արդյունքում ես կկարողանամ արտահայտել իմ կարծիքը: Այս պահի դրությամբ` դեռևս վաղաժամ է խոսել»,- ասաց հանրապետական պատգամավորը:
Իսկ մեր հարցին, թե ընդհանրապես կա՞ անհրաժեշտություն` նման սահմանադրական փոփոխություններ կարատելու համար, Դավիթ Հարությունյանը պատասխանեց այսպես. «Ես կարծում եմ, որ այո´, կա»:
Ըստ նրա` այդ փոփոխություններն անհրաժեշտ են ոչ միայն երկրի ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար:
«Կարծում եմ` նաև Մարդու իրավունքների պաշտպանության ավելի կատարելագործված մեխանիզմներ ստեղծելու առումով, նաև ավելի արդյունավետ կառավարման ձևի հետ կապված` անհրաժեշտ են քննարկումներ, որպեսզի տեսնենք` որքանով է այսօրվա կառավարման ձևն արտահայտում արդի մարտահրավերներին դիմակայելու պատշաճ մակարդակը»,- նշեց նա:
Նշենք, որ, ըստ վերոնշյալ աղբյուրի, սահմանադրական փոփոխությունները պատրաստվում են ոչ թե Հայաստանի ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու կամ մարդու իրավունքների պաշտպանության ավելի կատարելագործված մեխանիզմներ ստեղծելու, այլ ընդամենը ներկայիս իշխանության վերարտադրումն ապահովելու համար: Այսինքն` ըստ Սահմանադրությունում կատարված փոփոխությունների` ՀՀ նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդատվական լիազորություններ, իսկ դե ֆակտո իշխանության ղեկավարը դառանալու է վարչապետը: Այս սցենարով, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի, գործող նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին կարող է հրաժարական ներկայացնել և գլխավորել իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը:
Եթե կա սահմանադրական փոփոխությունների կամ դրանց վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն, սակայն դրանք միայն նպաստելու են գործող իշխանության վերարտադրմանը, դա ի՞նչ կտա երկրի ժողովրդավարության զարգացմանը:
«Ձեր հարցադրումն ավելի նման է «Կիկոսի մահին»: Ինձ թվում է` դա շատ հեռու է իրականությունից, և նման խնդիր որևէ մեկի կողմից դրված չէ»»,- ի պատասխան մեր հարցադրմանը` ասաց Դավիթ Հարությունյանը: