Սահմանադրական հանրաքվեի միջոցով Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն
Լավատեղյակ աղբյուրների համաձայն, Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014 թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որը կստեղծվի այս տարվա վերջին, հավանաբար դեկտեմբերին, ըստ նույն աղբյուրների, ղեկավարելու է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն, իսկ նախագահին կվերապահվեն բավական սահմանափակ և խորհրդանշանական լիազորություններ:
Ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի՝ Սահմանադրական փոփոխությունների իրականացման պաշտոնական բացատրությունը կլինի այն, որ նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի օրենսդրությունը համահունչ դարձնել Եվրոպական Միության երկրների օրենսդրությանը: Ասոցացման համաձայնագրում այդպիսի կետ կա, ու սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն սկսելիս հղում է կատարվելու հենց այդ կետին: Եվ Հայաստանի օրենսդրությունը եվրոպականի հետ համահունչ դարձնելու գործը սկսվելու է Մայր օրենքից՝ Սահմանադրությունից:
Բայց ամենակարևոր փոփոխությունը լինելու է գործող կիսանախագահական կառավարման համակարգի վերացումը, և խորհրդարանական անցումը համակարգին: Հնարավոր է, որ այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալու առաքելությունը իշխանությունը թողնի ընդդիմությանը` այդպիսով ցույց տալով, որ պատրաստ է Սահմանադրական փոփոխությունների հարցում ընդունել նաև ընդդիմության առաջարկները:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀԱԿ կուսակցությունը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և այլընտրանքային ԲՀԿ-ն, մինչև ԱԺ ընտրություններն էին փորձում հասնել ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխության. վերացնել մեծամասնական ընտրակարգը և անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, որի հաջորդ քայլը պետք է լիներ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հիմնական քաղաքական ուժերից որևէ մեկը դեմ չի լինի այս փոփոխությանը, ու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցնի ընդդիմության և իշխանության միասնության ու համաձայնության մթնոլորտում:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, Սերժ Սարգսյանը «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման հանձնաժողովը, ինչից վերջինս հրաժարվեց:
Այս փոփոխությունների իրականացումը հնարավորություն կտա նախագահ Սերժ Սարգսյանին իր նախագահության ժամկետի ավարտից հետո ևս շարունակել ղեկավարել Հայաստանը, այս անգամ՝ արդեն վարչապետի պաշտոնում: Ավելի հավանական է համարվում, որ նա 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ կարող է հրաժարվել նախագահի պաշտոնից և, գլխավորելով ՀՀԿ համամասնական ցուցակը, ընտրություններից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնը վարչապետինով փոխարինելու փորձ կատարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվին, որը ևս, սահմանադրական փոփոխություններ իրականացնելով, Վրաստանում մտցրեց կառավարման խորհրդարանական համակարգ՝ թերևս, նպատակ ունենալով նախագահական ժամկետի ավարտից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Սակայն Սաակաշվիլիի ղեկավարած Միացյալ ազգային շարժումը պարտվեց «Վրացական երազանքին»:
Հայաստանին և նրա նախագահին նման «վտանգ» կարծես թե չի սպառնում, քանի որ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում չկա ընտրական համակարգ և մինչև 2017 թ. դժվար թե ստեղծվի: Հայաստանում իշխանությունը ընտրություններում չի պարտվում ընդդիմությանը, և ինչպես ասել է Գալուստ Սահակյանը քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ՀՀԿ-ն շարունակելու է մնալ իշխանության: Իսկ մինչև 2017թ. Ղարաբաղի հարցը ևս դժվար թե լուծվի: Այնպես որ, ՀՀԿ-ի հաղթանակը կանխորոշված է:
Միակ վիճահարույց հարցը, որի շուրջը դեռևս իշխանության վերնախավում որոշում չի կայացվել, այն է, թե արդյոք նախագահը պետք է ընտրվի համընդհանուր քվեարկությա՞ն միջոցով, թե՞ նրան ևս պետք է ընտրի խորհրդարանը, ինչպես արվում է կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Վերջին տարբերակը, թերևս, կլինի ամենաընդունելի լուծումը՝ որքան քիչ համաընդհանուր ընտրություն, այնքան ավելի քիչ համազգային սթրես և խայտառակություն:
Ի դեպ, եթե այս սցենարն ամբողջությամբ իրականություն դառնա, ապա նախագահի ամենահավանական թեկնածուն կլինի Պարույր Հայրիկյանը, որը վաղուց է առաջարկում իրեն սիմվոլիկ լիազորություններով նախագահ նշանակել իր կողմից մշակված կատարյալ ժողովրդավարության մոդելը կյանքի կոչելու համար: