Վեհափառի եղբորը պատկանող սուպերմարկետում ՀԴՄ կտրոն չեն տալիս
Էջմիածնի կենտրոնական փողոցներից մեկում է գտնվում քաղաքի միակ №1 սուպերմարկետը: Այն այլ խանութներից առանձնապես չի տարբերվում. տեսականին շատ է, մարդկանց հոսքը՝ նույնպես, վաճառողուհիները «մուննաթ» են գալիս ու հիմնականում չգիտեն՝ ժպիտն ի՞նչ է: Բացի այդ, այս սուպերմարկետի առանձնահատկությունն այն է, որ այն ամենայն հավանականությամբ շատ լավ կապեր ունի ոչ միայն «երկնքի», այլև հարկային տեսչության հետ: Իր գործունեության երկու տարիների ընթացքում դժվար է ասել՝ արդյոք սուպերմարկետի աշխատակիցները երկու անգամ առանց պահանջելու ՀԴՄ կտրոն տրամադրած կլինե՞ն, թե՞ ոչ:
«Ախր ի՞նչ եք անում էդ կտրոնը»,- «մուննաթով» հարցնում են վաճառողուհիները: Կամ ասում են՝ «Վայ, սպասեք, սարքը չեմ էլ միացրել, որ չեկ խփեմ»: Սա այն դեպքում, երբ առևտուր ես անում ցերեկը ժամը 4-ին: Նշանակում է՝ առավոտյան ժամը 10:00-ից աշխատող սուպերմարկետում ոչ ՀԴՄ են տվել հաճախորդներին, ոչ էլ հաճախորդներն են պահանջել: ՀԴՄ-ի փոխարեն խանութի աշխատակցուհիներն ընդամենը թուղթ են տրամադրում, թե հաճախորդն ի՞նչ մթերք է գնել, ի՞նչ գնով: Հարկային տեսչությունում չեն կարող չիմանալ, որ սուպերմարկետը ՀԴՄ չի տրամադրում, պարզապես ոչինչ չեն ձեռնարկում, քանի սուպերմարկետը շատ հզոր թիկունք ունի: Ըստ էջմիածնեցիների՝ այն պատկանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբորը՝ Ոսկեհատ համայնքի ղեկավար Գևորգ Ներսիսյանին: Սուպերմարկետն աշխատեցնում է Գ. Ներսիսյանի փեսան:
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ