Էրդողանը վերստին հիվանդանոցո՞ւմ է
Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սուլեյմանիեի մզկիթում տոնական նամազից (Ռամադանի ավարտ) հետո անհետացել է: Ամեն տարի այս ժամանակ նա այցելում էր հոր և մոր գերեզման, սակայն այս տարի խախտել է այդ ավանդույթը և դա արել է սովորականից մի քանի օր առաջ:
Նա անգամ տնից դուրս չի եկել ուրբաթօրյա նամազին մասնակցելու համար, ինչն անհանգստացրել է նրա տան մոտ հավաքված լրագրողներին: Ասում են, թե նա տոնական նամազից հետո արձակուրդի է մեկնել Ռիզե: Արդեն երեք օր է, ինչ որևէ տեղեկություն չկա նրանից:
Թերթի իրականացրած հետազոտությունը պարզել է, որ Էրդողանը վատառողջ է եղել և տոնի ժամանակ պառկել է հիվանդանոցում: Այս մասին թերթին հայտնել են նրա հուսալի աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ նախորդ ամիս Էրդողանն ընտանիքի հետ արձակուրդի է մեկնել Իզմիրի նահանգի Ուրլա շրջան, սակայն իրեն վատ է զգացել և տեղափոխվել է Ստամբուլի Մեդիպոլ հյուրանոց, ուր բուժում է ստացել 5 օր, ինչից հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրությանն առնչվող WikiLeaks-յան բացահայտումներից մեկում նշված էր, թե TR325 ծածկագրով և «Ֆարուք Դեմիր» անունով աղբյուրը հայտնել է, որ Էրդողանի վերջին վիրահատությունից (նկատի է առնվում 2011 թվականի նոյեմբերի 26-ի առաջին վիրահատությունը) հետո բժիշկներն Էրդողանին հայտնել են, որ նա ունի աղիի քաղցկեղ:
Վիրահատության ժամանակ Էրդողանի հաստ աղիից կտրել են 20 սանտիմետր (սովորաբար դրա երկարությունը կազմում է 1.5 մետր): Բժիշկներն Էրդողանին հայտնել են, որ նրա վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է իրականացնել երկրորդ բիոփսիան և սպասել դրա արդյունքներին:
2012 թվականի փետրվարի 10-ին Էրդողանը ենթարկվում է երկրորդ վիրահատության, իսկ բժիշկները նրան հայտնում են, որ արդյունքները հուսադրող չեն. նրան մնացել է երկու տարվա կյանք: