Թուրք ըմբշամարտիկը կես տարով որակազրկվել է հայերի հանդեպ ռասիստական արտահայտություններ գործածելու համար
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ թուրք ըմբշամարտիկ, 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Ռըզա Քայաալփը որակազրկվել է կես տարով: 23-ամյա մարզիկի նկատմամբ նման որոշում է կայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (FILA):
Վերջինս նման քայլ է գնացել այն բանից հետո, ինչ թուրք մարզիկը «Գեզի» այգու համար Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ Twitter-ի իր էջում մի քանի շաբաթ առաջ գրել է, թե սա «Հայերի ձեռքի գործն է»: Բացի այդ, նա իրեն թույլ էր տվել հայերին հասցեագրել մի շարք ռասիստական ու վիրավորական արտահայտություններ (կողոպտիչ ու դավաճան):
Ավելի ուշ նա ջնջել էր Twitter-ում արած իր գրառումները, սակայն դա հնարավորություն չէր տվել խուսափել պատժից: Ռըզա Քայաալփը հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ է և հանդես է գալիս մինչև 120 կիլոգրամ քաշային կատեգորիայում: